«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):
– Պարոն Մարտիրոսյան, Վիլնյուսում Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Հայաստանը և Եվրամիությունը համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ շարունակել համագործակցությունը՝ ուղղված դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը և այլն: Սա առավելագո՞ւյնն էր, ինչ կարելի էր ակնկալել սեպտեմբերի երեքից հետո:
– Գեղեցիկ խոսքեր են, հռչակագրային, հնչեղ և բարեհունչ: Իսկ ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել:
– Ռոմպեյը հայտարարել է, որ Եվրամիությունը բաց է թողնում Հայաստանի և Ուկրաինայի համար դռները: Ի՞նչ պետք է անի Հայաստանը, արդյոք դեռ այլ ճանապարհ կա՞:
– Ես հավատում եմ, որ անայլընտրանք և անդառնալի շատ քիչ բան կա այս աշխարհում: Երկրի կուրսի փոփոխությունն այդ ցանկում չի ընդգրկվում: Թե ինչ պետք է անի Հայաստանը` համարում եմ ավելորդ քննարկել: Երկիրն իր ընտրությունը կատարել է: Մնացածը ցույց կտան ժամանակն ու իրադարձությունների զարգացումը: Լավ է այստեղ մի բան՝ այն որ Եվրոպան վերջնականապես իր հետաքրքրությունը չի կորցրել իր համար կորսված երկրների հանդեպ: Այլ խնդիր է, որ Հայաստանի անունն այս համատեքստում կարող է միայն օգտագործված լինել Ուկրաինայի խոսքային ուղեկից լինելու առումով, սակայն դա էլ հանգամանք է, որ լիովին անտեսել չի կարելի:
– Պարոն Մարտիրոսյան, կարծիք կա, որ Հայաստանը Վիլնյուսում հերթական դիլետանտությունը ցուցաբերեց, Հայաստանը միակն է, որին մեծ հաշվով անուշադրության մատնեցին: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանի նախագահության փուլն ամբողջությամբ ձախողումներ են:
– Ո՛չ: Սարգսյանը ժառանգություն է ստացել մի համակարգ, որ արդեն ձախողված էր: Այլ խնդիր է, թե այդ ձախողումների համակարգի կայացմանն ովքեր են մասնակցել, և թե ինչպես կարելի էր պրոցեսի հունը փոխել: Սարգսյանի օրոք, այնուամենայնիվ, մի քանի դրական փոփոխություններ անհնար է անտեսելը և դրանցից նախևառաջ` բողոքի շարժումների ծնունդը, որ, անշուշտ, իշխանության կողմից դիտվում է որպես լարվածության թուլացման միջոց, սակայն, իրականում լարվածության մեծացման գործոն է:
Ինչ վերաբերում է Վիլնյուսին, Հայաստանն այնտեղ, իր որոշման պատճառով, խորհրդանշական դեր էր կատարում, և ակնկալել ինչ-որ հատուկ ուշադրություն վստահորեն այլ ուղղությամբ իր ընտրությունը կատարած երկրի նկատմամբ` զարմանալի է:
– Ի՞նչ եք կարծում այն մասին, որ իբր Եվրոպան միայնակ չի կարողանում դիմակայել տարածաշրջանին և նրան այդ հարցում պետք է օգնի ԱՄՆ–ը: Հնարավոր համարո՞ւմ եք նման մոտեցումը:
– ԱՄՆ-ը և ԵՄ-ն գրեթե միշտ, չհաշված որոշ բացառություններ, միևնույն ճակատով են հանդես եկել, մանավանդ` «սառը պատերազմի» սկզբից սկսած: Նկատել, որ ինչ-որ նոր բան է կատարվում կամ կատարվելու` միամտություն է: Պարզապես, մինչդեռ ԱՄՆ-ը դիտորդի դերում էր ասոցացման գործընթացներում, այժմ դրանց հետևանքների հետ հաշվի նստելիս՝ Նահանգները սկսելու է առավել ակտիվ քաղաքականություն վարել:
– Հայաստանում իշխանափոխությունը կարո՞ղ է արդյոք հենց այս պահին հրահրվել դրսից, և կարո՞ղ է այն հաջողություն ունենալ:
– Ամեն բան հնարավոր է: Դրսից թե ներսից` իրերի նման ընթացքի պայմաններում դժվար է պատկերացնել հեղափոխություն չենթադրող մի իրավիճակ: Իսկ հեղափոխությունները միշտ էլ սպասված են, սակայն տեղի են ունենում անսպասելի:










































