Լիբանանի իշխանությունները երկրի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքը, որտեղ արդեն երրորդ օրն է՝ չեն դադարում միջհամայնքային բախումները, պաշտոնապես հայտարարել են «մարտական գործողությունների գոտի»՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել հանրապետության վարչապետ Նաջիբ Միկատին նախագահ Միշել Սուլեյմանի և բանակի հրամանատար Ժան Կահվաջիի հետ խորհրդակցությունից հետո:
«Զինծառայողները կստանձնեն Տրիպոլիում անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը»,- հայտարարել է Միկատին՝ ընդգծելով, որ իշխանությունները բանակից սպասում են վճռական գործողություններ՝ ուղղված հակամարտության դադարեցմանը և կարգուկանոնի հաստատմանը:
«Նահարնեթ» տեղեկատվական գործակալության տվյալներով՝ անցած 72 ժամվա ընթացքում Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում զոհվել է 11 մարդ, վիրավորվել ավելի քան 90-ը:
Տրիպոլիում հակամարտում են սունիական խմբավորումների գրոհայինները, որոնք աջակցում են սիրիացի ապստամբներին, և Արաբական ժողովրդավարական կուսակցության միլիցիան, որը բաղկացած է ալավիներից, որոնք կազմում են քաղաքի բնակչության 12%-ը: Վերջիններս սատարում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությանը և «Հըզբոլլահ» լիբանանյան շարժմանը:









































