ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Վայոց ձորի նախկին մարզպետի և մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս գործով, ինչպես հայտնի է, անցում են Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, Մանվել Արշակյանը, ով մարզպետարանում չի աշխատել: Բաբկեն Մկրտչյանի և Մանվել Արշակյանի մասով գործի նախաքննությունն արդեն ավարտվել է և գործը ներկայումս դատարանում է: Այս գործով արդեն 3 նիստ է եղել, սակայն երեքն էլ դեռ չսկսված հետաձգվել են: Նշենք, որ Բաբկեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Մանվել Արշակյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012թ. ծրագրի իրականացման գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, նախնական համաձայնությամբ Մանվել Արշակյանի հետ համատեղ մասնակցությամբ պաշտոնական փաստաթղթեր է կեղծել, որոնց հիման վրա Մանվել Արշակյանը հափշտակել է դիզվառելիք՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Արշակյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Առաջին լրատվական»-ին երեկ ասաց, որ ընդհանրապես համաձայն չի իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ, իրենք ապացույցներ ունեն, որոնք առաջիկայում կներկայացնեն դատարանում: Ավելի վաղ չեն հրապարակում պաշտպանական մարտավարությունից ելնելով:
Մեր տեղեկություններով` Մանվել Արշակյանը Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի ընկերն է եղել, և որքան էլ նախկին մարզպետը հայտարարում է, որ ինքը ոչնչից տեղյակ չէ և իր նկատմամբ հարուցված քրեական գործն անհիմն է, այդքան էլ այդպես չէ: Մեզ պատմեցին, որ Բագրատյանը տեղյակ է եղել գործից, մասնավորապես դիզվառելիքի վաճառքի կտրոնները Արշակյանն անձամբ է Բագրատյանին ներկայացրել: Իսկ հիմա Բագրատյանը կտրականապես հրաժարվում է՝ մեղքի ամբողջ ծանրությունը թողնելով ընկերոջ ուսերին: Այս տեղեկության վերաբերյալ Ալումյանը չցանկացավ խոսել: Ասաց, որ դրան չի ցանկանում անդրադառնալ, քանի որ իր պաշտպանյալի դիրքորոշումը դատարանում դեռ չի հնչել: «Իմ պաշտպանյալն իր դիրքորոշումը կհայտնի, և նոր ես իր դիրքորոշման շուրջ կկարողանամ մեկնաբանություն անել, իսկ այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Ալումյանը:
Նշենք, որ այս գործով անցնում է 54 վկա: Բագրատյանի մասով գործը դեռևս քննվում է ՀՔԾ-ում:
Երեկ մեզ չհաջողվեց խոսել նախկին մարզպետի հետ, վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:










































