Ուկրաինայի իրադարձությունները Հայաստանում ակնհայտորեն առաջ են բերել ոգևորության որոշակի ալիք: Այդ ալիքին մենք մի անգամ արդեն ականատես եղել ենք, երբ Եգիպտոսում «արաբական գարունն» էր ծավալվում: Հայաստանում նույնիսկ եղան Եգիպտոսի ցուցարարներին աջակցության ակցիաներ՝ Եգիպտոսի դեսպանատան դիմաց:
Այդ ոգևորությունը, գումարվելով, իհարկե, սոցիալական լարվածության հետ, 2011 թվականի փետրվարին նույնիսկ ընդդիմության համար անսպասելիորեն հանրահավաքների բերեց մեծ քանակի մարդկանց, դա այն դեպքում, երբ դրանից առաջ ակնհայտորեն նկատվել էր հանրահավաքների մասնակիցների նվազում: Բազմամարդ հանրահավաքները, սակայն, ավարտվեցին իշխանություններ-ՀԱԿ երկխոսությամբ, արդյունքում, ըստ էության, անարդյունավետ կերպով պարպվեց հասարակական ոգևորության ալիքը` չբերելով որևէ հիմնարար հաջողության, հասարակությանը չտալով հիմնարար առավելություն: Թեև այդ ընթացքում բանտից ազատվեցին Մարտի 1-ի հետևանքով այնտեղ հայտնված քաղաքացիները, և դա շատ մեծ դրական արդյունք էր, հանուն որի միգուցե և կարելի է ավելի հանգիստ ընդունել առավել ռազմավարական ձեռքբերումների բացակայությունը: Ի վերջո, ամեն ինչի առանցքում պետք է լինի մարդը, իսկ այդ մարդիկ բանտում էին հանիրավի, և նրանց ազատությունն իսկապես գնահատելի և մեծ բան էր:
Սակայն Ուկրաինայի ներկայիս իրավիճակի և դրա առաջացրած ոգևորության դեպքում Հայաստանի հասարակության շրջանակներում առկա ոգևորությունը էականորեն տարբեր է: Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ այդ ոգևորության վրա հնարավոր է հասարակական նոր պոռթկում: Այսօր կան մի շարք հանգամանքներ, որոնք քիչ հավանական են դարձնում նման «դետոնացիան»: Ուկրաինայի դեպքում էական տարբերությունն այն է, որ եթե անգամ Հայաստանում «դետոնացիա» չկա, միևնույն է` զուտ ուկրաինական հաջողությունը շոշափելի նշանակություն է ունենալու Հայաստանի համար: «Արաբական գարնան» դեպքում դա այդպես չէր, դա այդպես չէր նաև Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» դեպքում և նույնիսկ Վրաստանում «վարդերի հեղափոխության» դեպքում:
Այսօր լրիվ այլ վիճակ է, և հատկապես այսօր Ուկրաինայում ժողովրդի հաղթանակը ուղղակի շատ մեծ ազդեցություն է ունենալու Հայաստանի համար: Եթե Ուկրաինայում հասարակությունը հաղթում է և կարողանում է շրջել պետությունը այն ուղղությամբ, որն ինքն է ընտրում՝ Եվրոպա, ապա դա, այսպես ասած, հանդիսանում է շատ մեծ ճաք այն կայսերապաշտական ջանքերում, որ գործադրում է Ռուսաստանն ի դեմս իր նախագահ Պուտինի հավակնությունների: Այդ ճաքը թողնում է հետագայում կառուցված կամ կառուցվող պատը քանդելու հնարավորություններ, անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ, եթե նույնիսկ պատը կառուցվի մինչև վերջ: Հայաստանը այդ պատի քարերից մեկն է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 3-ին դրել է իր տեղը: Թվում էր, որ իր տեղն է դրել նաև Ուկրաինային, սակայն պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէ, Ուկրաինա քարը շարժվում է: Եվ եթե այն շարժվում է, ուրեմն պատն ամբողջական չէ և պատից հանելով մի քարը, հնարավոր է հերթով հանել նաև մյուս քարերը: Սա հնարավորություն է դրանցից մեկը հանդիսացած Հայաստանի համար:
Ուկրաինայում ներկայումս տեղի ունեցող զարգացումները գերկարևոր են ահա այս տեսանկյունից: Եթե Ուկրաինան ազատվում է, դա լիովին փոխում է Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների պատկերը և ուժերի դասավորությունը: Այդ փոփոխությունը անդրադառնալու է հետխորհրդային ողջ գծի երկայնքով՝ Ուկրաինայից մինչև Արաքսի ափ: Եվ եթե նկատի ենք ունենում այն, որ Արաքսի ափից այն կողմ էլ բեկումներ կարող են լինել Իրան-Արևմուտք հարաբերություններում, պարզ է դառնում, որ Ուկրաինայի պոկվելու դեպքում Հայաստանը հիանալի շանսեր է ստանում իր հարցերը կարգավորելու, իր խնդիրները լուծելու համար:
Բնական է, որ այդ շանսերն, իհարկե, դեռ պետք է օգտագործել: Դրա համար Հայաստանը դեռ պետք է ունենա պետական շահերով մտահոգ իշխանություն, որը Հայաստանի սուվերենության, արժանապատվության, անկախության ջատագովը պետք է լինի և պետք է կամք ունենա Հայաստանը դուրս բերել ռուսական կայսրության հավակնությունների ցանցից: Հայաստանը վաղ, թե ուշ ունենալու է այդպիսի իշխանություն, որովհետև արդեն ունի այդպիսի հասարակության կայացած և ամուր կորիզ: Եթե Հայաստանն ունենա այդպիսի իշխանություն, ապա դա արդեն իսկ շանս է և գրեթե անբեկանելի շանս է սեփական խնդիրները լուծելու համար: Բայց, նույնիսկ այդ դեպքում, եթե այսօր Ուկրաինայի քաղաքացիներին հաջողվի թույլ չտալ Ռուսաստանին ավարտին հասցնել պատի կառուցումը, ապա Հայաստանի համար սեփական խնդիրները լուծելու շանսն օգտագործելը կդառնա անհամեմատ ավելի դյուրին, քան հակառակ դեպքում:
Այս տեսանկյունից, Հայաստանի քաղաքացիների ոգևորությունը ընդամենը էմոցիոնալ արձագանք չէ: Այդ ոգևորությունը թելադրված է այդ քաղաքացիների և նրանց պետության, այսինքն` մեր և Հայաստանի շատ կոնկրետ շահով:






































