21-րդ դարի առաջին տասնամյակում «Գազպրոմ»-ը զգալի դեր է խաղացել Վլադիմիր Պուտինի ռեժիմի ամրապնդման և Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի վերականգնման գործում՝ հաղորդում է The Global Times-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ Պուտինի օգնությամբ «Գազպրոմ»-ը հաջող կերպով մենաշնորհ է հաստատել բնական գազի արտահանման վրա, ինչը ընկերությանը թույլ է տվել հանդես գալ երկրի անունից՝ որպես միջնորդ արտաքին աշխարհի հետ: Օգտագործելով գազի գնի և խողովակաշարի հարցերը՝ «Գազպրոմ»-ը դարձել է «Պուտինի» գավազանը: Ըստ էության, Ռուսաստանը նախաձեռնել է «գազային ՕՊԵԿ»-ի իր սեփական ձևը:
Սակայն այդ ժամանակից ի վեր իրավիճակը փոխվել է: Թերթաքարային գազի հեղափոխությունը անցել է ամբողջ Հյուսիսային Ամերիկայով և ազդել ամբողջ աշխարհի վրա: Ռուսաստանում «Գազպրոմ»-ը ենթարկվել է քննադատության՝ անարդյունավետության պատճառով: Տարբեր քաղաքական ուժեր բաժանել են նավթային և գազային արդյունաբերությունը, ստեղծվել են ավելի արդյունավետ ընկերություններ, ինչպիսիք են «Ռոսնեֆտ»-ը, «Նովատեկ»-ը: Այս բոլոր գործոնները ճնշում են գործադրել «Գազպրոմ»-ի վրա:
Սակայն հարցի էությունը հետևյալն է՝ արդյոք Ռուսաստանի իշխանությունները պատրա՞ստ են ապաքաղաքականացնել «Գազպրոմ»-ը և այն դարձնել իրական առևտրային ընկերություն: Միայն շուկայական բարեփոխումները կարող են պահպանել ռուսական բնական գազի մրցունակությունը՝ ասվում է հոդվածում:










































