Լեգենդար ֆրանսիացի կինոդերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով իրեն նվիրել է կենդանիների պաշտպանությանը, նամակ է գրել Բելգիայի ներքին գործերի նախարար Ժոել Միլկեին՝ նրան կոչ անելով հրաժարվել տարիքի պատճառով ծառայությունից դուրս գրվող ոստիկանական ձիերի վաճառքի ծրագրերից: Այս մասին հայտնում է RTL-TVI հեռուստաալիքը:
Այն մասին, որ բելգիացի նախարարը պետական միջոցները խնայելու նպատակով նպատակահարմար է համարում ձիերը վաճառել ու այդ կերպ «թոշակի անցնելուց» հետո դրանց խնամքից հրաժարվել, Բարդոյին տեղեկացրել են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բելգիական կազմակերպությունները:
Նրանք մտավախություն ունեն, որ ֆիզիկական անձանց վաճառված կենդանիները կարող են օգտագործվել ապօրինի ձիարշավներում, որից հետո ուղարկվել սպանդանոցներ:
Իր հերթին ձիերի հարցերով բելգիական ոստիկանության տնօրեն Բենուա վան Հուտեն վստահեցրել է, որ խոսքը ծառայողական ձիերը մսի վաճառակետերի տերերին հանձնելու մասին չէ:










































