Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է երեք անչափահաս տղաների՝ Արգիշտիի, Գոռի ու Ազատի գործի դատավարությունը:
Հանցագործության պահին՝ 2012 թվականի նոյեմբերի 24-ին, համադասարանցիներ Արգիշտին ու Ազատը 15 տարեկան էին, իսկ Գոռը՝ 14:
Ըստ մեղադրանքի՝ բնակարանային գողությունը կազմակերպել է Ազատը: Իսկ գողության թիրախ բնակարանը հենց Ազատենց բնակարանն էր…
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2012 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 12-ի սահմաններում Ազատն իրենց գյուղում հանդիպել է Արգիշտիին, նրա ունեցած պարտքերը մարելու համար համոզել է, որ նոյեմբերի 24-ին, երբ ինքն ու ծնողները տնից բացակայելու են, իր կողմից նախապես բաց թողած խոհանոցի պատուհանից մուտք գործի իրենց տուն, պահարանից հափշտակի այնտեղ պահվող՝ 10 հազար դրամանոցներով 200 հազար դրամը ու հանձնի իրեն:
Անչափահասները համաձայնության են եկել:
Պայմանավորված օրն Արգիշտին տանտերերի բացակայությամբ, Ազատի կողմից նախապես բաց թողած պատուհանով մտել է տուն, բայց գումարը չի գտել, նախատեսված հանցագործությունն ավարտին չի հասցրել, հափշտակել է միայն 3000 դրամ արժողության մեկ շղթա՝ կախազարդով:
Գոռը մեղադրվում է գողությանն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ նա իր բջջային հեռախոսով դեպքի օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 12-ի սահմաններում զանգահարել է Ազատին, համոզվել, որ նա ծնողների հետ բացակայում է տնից, այդ մասին հայտնել է Արգիշտիին: Այսինքն՝ տեղեկություն է տրամադրել, ապա հերթապահել՝ «աթանդա» է կանգնել Ազատի տան մոտակայքում, որ վտանգի դեպքում տեղեկացնի տանը գտնվող Արգիշտիին:
Անչափահասների գողական «խաղը» ավարտվել է քրեական գործի հարուցմամբ և ներկա դատաքննությամբ:
Երեք ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողների հսկողությանը հանձնելը:











































