Ֆրանսիան չի հրաժարվի Իրանի հետ միջուկային գործարքից։ Այս մասին ԱՄՆ կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա խոստովանել է, որ համաձայնագրում որոշ թերություններ կան՝ ասելով, որ ցանկանում է Միացյալ Նահանգների հետ «առավել համընդգրկուն» գործարքի շուրջ աշխատել, որպեսզի «վերահսկի Իրանի միջուկային հավակնություններն ու ահաբեկչությանը հովանավորությունը», փոխանցում է Washington Examiner-ը։
«Մենք այդ համաձայնագիրը ստորագրել ենք ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող այսպես հեռանալ»,-ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ «այդ համաձայնագիրը կարող է մի շարք խնդիրներ հաշվի չառնել, այդ թվում՝ շատ կարևոր խնդիրներ»։
«Բայց մենք չպետք է դրանից հրաժարվենք՝ ավելի էական բան չունենալով։ Ահա թե ինչու Ֆրանսիան դուրս չի գա Իրանի միջուկային համաձայնագրից։ Մենք ձեր նախագահի հետ որոշել ենք աշխատել այդ բոլոր խնդիրների ավելի համընդգրկուն լուծման շուրջ»-հավելել է Ֆրանսիայի առաջնորդը։











































