«Հրապարակ» օրաթերթի գլխվոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
Երեկ, լսելով վիլնյուսյան գագաթնաժողովի գնահատականները, արձանագրեցի, որ դրանք այնքան տրամագծորեն տարբեր են իրարից, որ թվում է՝ բացարձակապես տարբեր երևույթների մասին է խոսքը: Գուցե սա այն դեպքն է, երբ իշխանության յուրաքանչյուր գործողությունն արդարացնելու հակված մարդիկ «բաժակը կիսով չափ լիքն են տեսնում», իսկ իշխանության ցանկացած գործողության մեջ բացասական բան տեսնողները՝ այն ամբողջությամբ դատարկ: Սակայն մի քանի հետևություն, որը կկիսեն և առաջին խումբը, և երկրորդը, կարծում եմ՝ կարելի է անել:
1. Վերջին ամիսների իրադարձությունների արդյունքում մենք ոչ մի սանտիմետր, անգամ միլիմետր չտեղաշարժվեցինք մեր ելման դրությունից: Ոչ նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ոչ նոր հեռանկարներ բացվեցին Հայաստանի համար, ոչ աշխարհի վերաբերմունքը փոխվեց մեր նկատմամբ:
2. Այս իրադարձությունների արդյունքում և մեր իշխանությունների «թեթև ձեռքով» ռուսական ներկայությունն ավելի ամրապնդվեց Հայաստանում: Եթե մինչ օրս այն միայն տնտեսական ու ռազմական էր, ապա այժմ ավելի ու ավելի քաղաքականացվեց այդ ներկայությունը, և «ֆորպոստի» կարգավիճակից դեպի անկախ ու ինքնիշխան պետություն մեր ընթացքն անորոշ ժամանակով կասեցվեց:
3. Եթե նախկինում Հայաստանը մի քայլ առաջ էր իր հարևաններից և շատ տարիներ առաջ անգամ «ժողովրդավարության կղզյակի» համարում ուներ, ապա այժմ պետք է արձանագրենք, որ մեր և մեր հարևանների կարգավիճակում, ծրագրերում ու տեսլականում մեծ անջրպետ առաջացավ: Եվ դա հատկապես զգալի է Վրաստանի պարագայում, որն այլևս ամրագրեց «ժողովրդավարության կղզյակի» իր դիրքը Հարավային Կովկասում: Այս հետևությունները կարելի է շարունակել, բայց վստահ եմ՝ կատարվածի իրական արդյունքները մենք հետո ենք հասկանալու:








































