Այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը շարունակեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության, նրա բնորոշմամբ, գաղութացման դեմ պայքարը: Նա Ազատության հրապարակում մի քանի տասնյակ աջակիցների հետ իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ բողոքելով այսօր Վիլնյուսում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի չնախաստորագրման դեմ: Հանրահավաքը սկսվեց ՀՀ հիմնի հնչյունների ներքո: ԱԻՄ առաջնորդը նշեց, որ այսօր արդեն հեռավոր դարձած Վիլնյուսում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հրաժարվեց հայ ժողովրդի առաջընթացի հնարավորությունից՝ մեկ անգամ ևս ազդարարելով, որ մենք ունենք դեպի Եվրոպա ստրատեգիական կողմնորոշում, բայց շարժվում ենք դեպի «Մոսկվայի և Սիբիրի երանելի տարածքները»:
«Փաստը մնում է փաստ, ԿԳԲ-ի գործակալական ցանցը լիարժեքորեն աշխատում է, և արդեն սկսվեց ինչպես անցած օրը հաղորդագրություն էր տպագրված, լյուստրացիան: Ես հայ ժողովրդի ճակատագրի վճռական փուլը, ցավոք սրտի, բացասաբար ավարտած քաղաքական գործիչներից, ականատեսներից մեկն եմ՝ ձեզ հետ միասին, բայց պատմական թոհուբոհի մեջ շատ կարևոր է անցյալի դասերից օգտվել»,- ասաց նա:
Ուստի հարթակ հրավիրվեց պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանը: Պատմաբանը նշեց, որ 1988-1990 թթ ազատագրվեցինք ռուսական բոլշևիկյան կայսրությունից, բայց ներկայումս, նրա խոսքով, ասում են, որ եթե չգնանք դեպի ՌԴ, կկոտորվենք, այսինքն՝ վախեցնում են:
«Բայց ոչ ոք չի հասկանում, որ ՌԴ-ն, որից ամբողջ տիեզերքը սարսափում է, հայոց ազատագրական պայքարով վերացավ: Անվերապահորեն ճշմարտություն է սա: Մեր ժողովուրդը կանգնեց ոտքի, և մենք արցախամարտով կայսրությունը ոչնչացրեցինք, հիմա այս ազգի ամենամեծ թշնամին հայությունն է, որովհետև այս կայսրությունն ուզում է վերականգնվել: ՌԴ կայսրությունն ուզում է ՀՀ-ն դատարկել: Մենք պետք է այս ամենն իմանանք»,- ասաց Համբարձումյանը՝ ակնարկելով, թե ինչի կարող է հանգեցնել ՀՀ-ի անդամակցությունը ՄՄ-ին:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանի հերթական հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան պաշտոնական այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, որևէ ակցիա կամ հանրահավաք չի նախատեսվում, քանի որ, ըստ նրա, հյուրերին այդպես ընդունելը ճիշտ չէ:
Առաջարկում ենք հանրահավաքին մանրամասնությամբ ծանոթանալ տեսանյութի միջոցով:










































