Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը Հայաստանի համար ավարտվեց ոչնչով, այսինքն՝ ոչինչ չասող հռչակագրով: Ավելի լավ կլիներ այդ հռչակագրի փոխարեն լիներ ընդամենը դատարկ մի թուղթ, որը կխորհրդանշեր Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները զրոյից սկսելու անհրաժեշտությունը: Այդպես գոնե ավելի հետաքրքիր ու հնարամիտ մի բան կլիներ, այլապես Վիլնյուսում տեղի ունեցավ դիվանագիտական ստանդարտների շրջանակում տեղավորված մի գործողություն, որը ոչնչով ավելին չէ դատարկ թղթից:
Բարեփոխումները շարունակելու հավաստիացումները, ինստիտուցիոնալ հեռանկարները և այլն ընդամենը օդի պղպջակներ են, ինչպես մենք, այսինքն՝ Հայաստանի հասարակությունը, արդեն իսկ համոզվել է: Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հանդես են եկել նման երդմնագրերով և հետո եղել երդմնազանց: Երդում արտահայտությունն այստեղ միգուցեև տեղին չէ, քանի որ խոսքն ի վերջո քաղաքականության մասին է, սակայն քաղաքականության առաջնային, հիմնաքարային բաղադրիչներից մեկը անձնական և քաղաքական պատասխանատվությունն է:
Այսինքն՝ մարդը, որը ինչ-որ բան է հրապարակավ ասում՝ անկախ այն բանից, թե ինչ իրավական պարտավորվածություն է առաջանում այդ ասվածից, պետք է իր ասածի համար բարոյական և քաղաքական պատասխանատվություն կրի:
Այս իմաստով Վիլնյուսում Հայաստանի ու Եվրամիության միջև համաձայնեցված տեքստն ու դրա հռչակումը որևէ նոր մակարդակ չեն պարունակում, իսկ մակարդակում անպատասխանատվությունը Հայաստանի իշխանության դեպքում բազմիցս հաստատված իրողություն է:
Միևնույն ժամանակ այստեղ հարց է առաջանում՝ պե՞տք էր արդյոք Եվրոպային ավելի պատասխանատու մի փաստաթուղթ: Համենայնդեպս, դատելով ներկայիս իրավիճակից, կարող ենք ասել, որ Եվրոպային նման փաստաթուղթ պետք չէր: Եթե Եվրոպան ունի Արևելյան գործընկերության հետ կապված հետաքրքրություններ, ապա Հայաստանն այս պահին դրանցում վերջինն է: Չի բացառվում, որ ընդամենը անելանելիությամբ պայմանավորված, բայց՝ վերջինը; Եվրոպայի համար այսօր նույնիսկ Ադրբեջանն է ավելի հետաքրքիր, քանի որ խնդիր կա նրան սիրաշահելու միջոցով թուլացնել ռուս-ադրբեջանական հարաբերության հեռանկարները:
Եվրոպան բավական զբաղված է Ուկրաինայով, առաջիկայում լուրջ ներգրավվածություն են պահանջելու Մոլդովան և Վրաստանը՝ բարեհաջող ասոցացման հասնելու և Ուկրաինայի նախադեպը չկրկնելու համար:
Հայաստանը հայտնվել է ծայրում, և առաջին հերթին, ըստ պետական շահի տրամաբանության, Հայաստանին էր անհրաժեշտ բովանդակային և պատասխանատու փաստաթուղթ Վիլնյուսում՝ գոնե առկա իրավիճակում, թեկուզ ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարության պայմաններում: Սակայն հանձնվելը վերջ չունի, ինչպես ասում էր ժամանակակից հայ մեծ գրողներից մեկը՝ հանգուցյալ Աղասի Այվազյանը: Հանձնվելը վերջ չունի, և սեպտեմբերի 3-ը սկիզբն էր միայն, որի շարունակությանը մենք ականատես ենք լինելու սիստեմատիկորեն:
Հայաստանի ներկայիս իշխանությունը որևէ այլ բանի այլևս ունակ չէ, և մնում է սպասել, որ կամ Եվրոպան վերագտնի առարկայական հետաքրքրություն Հայաստանի հանդեպ և ինչ-որ նոր բան առաջարկի, կամ Ռուսաստանի հետ հարաբերություններում տեղի ունենա բեկում, որը կարող է իր ազդեցությունը թողնել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների վրա:
Ամեն դեպքում ակնհայտ է մի բան՝ այս ամենում միանշանակ է Հայաստանում նոր գործընկեր գտնելու Եվրոպայի խնդիրը:







































