Վրաստանի խորհրդարանը տուգանքներ է սահմանել հասարակական վայրերում սառը զենք կրելու համար: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը: Համապատասխան օրենսդրական ուղղումներն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ:
Տուգանքի չափը կազմում է 200 լարի: Կրկնակի խախտումը կպատժվի 1000 լարի տուգանքով կամ 15-օրյա կալանքով: Դատվածություն ունեցող անձինք սառը զենք կրելու համար կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Առարկաների ցուցակը, որոնք պաշտոնապես կճանաչվեն սառը զենք, կկազմի հատուկ հանձնաժողովը:
Օրինագիծն ընդունվել է ՆԳՆ նախաձեռնությամբ: Այն իրենից ներկայացնում է ուղղումներ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:
Պատասխանատվությունից կազատվեն այն անձինք, ում համար նման զենքն անհրաժեշտ է մասնագիտական գործունեության համար:







































