Այսօր ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը հրաժարվել են մասնակցել քննչական և դատավարական որեւէ գործողության, քանի որ դրանք իրենց բովանդակությամբ և տեսքով չունեն ոչ մի իրավական հիմք։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ «Մեզ ներկայացվեց արձանագրություն, որտեղ գրված է, որ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին կատարել են արարք, ինչի համար էլ իրենք ձերբակալվել են։ Մենք ներկայացրեցինք դիտողություն, որ ըստ Սահմանադրության, իրենք իրավունք ունեն ձերբակելել, եթե դիտում էին, որ դա հանցագործություն է կամ ապրիլի 13-ին, կամ էլ պետք է դիմեին Ազգային ժողով։ Մենք հարցադրում ներկայացրեցին, թե կա ԱԺ-ի որեւէ որոշում, մեզ համապատասխան փաստաթուղթ չտրամադրվեց։ Այստեղից հետևում է, որ առանց որևէ օրենքի, անտեսելով Սահմանադրության պահանջները ԱԺ պատգամավորներին, որոնք ունեին անձեռմխելիություն, զրկել են նրանց ազատությունից և ապօրինի կերպով պահում են Շենգավիթի ոստիկանությունում», – ասաց Բաղդասարայնը՝ հավելելով, որ պատգամավորներին պետք է տեղափոխեն Ձերբակալված անձանց պահման վայր՝ ՁՊՎ։
«Տղաների տրամադրությունը բարձր էր, իրենք իրենց քայլը կատարել են և ակնկալում են, որ հասարակությունն էլ իր քայլը կկատարի», – ասաց փաստաբանը։
Նիկոլայ Բաղդասարյանը նաև նշեց, որ իրենց պատրաստվում են փաստաթղթեր պատրաստել և դիմել միջազգային կառույցներին, որպեսզի նրանք արձագանքեն և պահանջեն ոստիկանությունից անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին։
https://www.facebook.com/Nikolay.Baghdasaryan/videos/1657791154314958/










































