Շարժման կազմակերպիչներ՝ ԱԺ երեք պատգամավորներին ձերբակալելուց հետո բողոքի ակցիաները քաղաքի տարբեր հատվածներում և մարզերում ավելի բազմամարդ են դարձել։
Քաղաքի տարբեր հատվածներից երթերով շարժվում են մարդիկ։ Երթերով շարժվում են նաև հանրապետության այլ մարզերից ու քաղաքներից։ Մասնավորապես բավական բազմամարդ բողոքի ցույց է մեկնարկել Վանաձորում։
Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա երթը աննախադեպ բազմամարդ է։ Երթի մասնակիցները, սակայն, դեռևս չգիտեն՝ գալո՞ւ են Երևան, թե՞ ոչ։
Ստեփանավան քաղաքում ևս բավական բազմամարդ ցույցեր են մեկնարկել։
Բազմամարդ երթով Երևան են ժամանում Չարենցավանից, Նոր Հաճնից։ Ցուցարարները հասել են «չայնի» կոչվող հատվածը և քայլելով գալիս են Երևան։
Արմավիրի մարզից՝ հատկապես Արմավիր քաղաքից, նույնպես հոծ բազմություններ են գալիս քաղաք։
Շատ բազմամարդ երթով Երևան են գալիս նաև Սևան քաղաքից։ Երթի մասնակիցներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առանց չափազանցության 3-4 հազար մարդ է հիմա երթով գալիս մայրուղիով։
Սպիտակ քաղաքում նույն պատկերն է։ Այստեղ, սակայն, ոստիկանները ճանապարհ են փակել և թույլ չեն տալիս ցուցարարներին մեքենաներով շարժվել դեպի Երևան։
Գյումրիի Արթիկ, Գեղանիստ, Փանիկ, Մանթաշ, Պեմզաշեն համայնքներում ևս մեծ բազմություն է հավաքվել, որոնց նույնպես ոստիկանները թույլ չեն տալիս գալ Երևան։ Մեզ տեղեկացրին, որ բնակիչներին ահաբեկում, վախեցնում են, որպեսզի նրանք հետ կանգնեն Երևան գալու մտքից։











































