ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք ՍԻՄ հայտարարությունը.
«Խորը ափսոսանքով արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով տապալվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, ինչը կբերի իրավիճակի անկանխատեսելի զարգացումների: ՍԻՄ-ը կոչ է անում Ն. Փաշինյանին, իր կուսակիցներին և համակիրներին հետ կանգնել անօրինական գործողություններից և արկածախնդրությունից: Չի կարելի իրենց հետևից եկող ցուցարարներին դրդել զանգվածային անկարգությունների, սահմանադրական կարգի խախտմանը, իշխանության յուրացման փորձերին, ինչպես նաև հարյուր հազարավոր օրինապաշտ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարմանը՝ այդ թվում աշխատանքի, ազատ տեղաշարժի, բուժօգնության, ուսում ստանալու, գույքի անձեռնամխելիության իրավունքները:
ՍԻՄ-ը զգուշացնում է, որ չի կարելի կրկնել մարտի մեկի ողբերգական սխալները և արկածախնդիր սցենարը, որի արդյունքում տուժեցին ոչ թե դրդողները, այլ շարքային ցուցարարները:
Մենք հայտարարում ենք, որ իրավիճակի հետագա սրման առնչությամբ բոլոր հետևանքների պատասխանատվությունը ընկնում է անձամբ Ն. Փաշինյանի և իր անմիջական շրջապատի վրա: ևս մեկ անգամ կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ազգապառակտիչ և հակասահմանադրական գործողությունները»:







































