Ուկրաինացիները նորությունների են սպասում Վիլնյուսից, որտեղ Ուկրաինայի պատվիրակությունը՝ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ, մասնակցում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:
Չնայած Յանուկովիչն արդեն հայտարարել է, որ չի ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ քաղաքացիներն այժմ պատասխան արձագանքի են սպասում ԵՄ-ից: Դա հատկապես մտահոգում է Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցներին:
Շատերին է հետաքրքրում՝ ի՞նչ է սպասվում երկրին գագաթնաժողովից հետո: Իշխող Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը հեգնական տոնով ասել է, թե գագաթնաժողովից հետո «աշխարհի վերջը չի գա, Արևը կշարունակի ծագել»:
Ընդդիմադիր քաղաքական ուժերն առաջարկում են նոյեմբերի 29-ից վերընտրություններ պահանջել բոլոր մակարդակներում, ինչը քիչ իրատեսական է: Քաղաքացիական «եվրամայդանները» հետագա գործողությունների հստակ ծրագիր չունեն, ակտիվիստ ուսանողներն էլ երկուշաբթի օրվանից դասի են, չեն ցանկանում որևէ քաղաքական ուժի միանալ՝ նշելով, որ չեն ուզում իրենց օգտագործեն սեփական նպատակների համար: «Մենք այստեղ ենք եկել ոչ թե հանուն որևէ կուսակցության կամ առաջնորդի, այլ հանուն գաղափարի, հանուն ուղու ընտրության»,- ասել է ակտիվիստ ուսանողներից մեկը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Քաղաքացիական ակտիվիստ, «Եվրամայդանի» առաջնորդ Եգոր Սոբոլովն ասել է, որ կա երկու հիմնական սցենար. «Առաջինը, որը բոլորին դուր է գալիս, գնալ և վտարել նախագահին: Սակայն դեռ դա իրատեսական չէ՝ չնայած մարդկային էներգիան շատ է: Երկրորդը՝ «եվրամայդանները» տարածել ողջ Ուկրաինայով և քաղաքացիներին պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել և ինչ պետք է անել»:
Եվրաինտեգրման կողմնակիցները մտադիր են վիլնյուսյան գագաթնաժողովի հիմնական օրը Կիևից մինչև լեհական սահման ավելի քան 600 կմ երկարությամբ «կենդանի շղթա» կազմել, ինչի համար անհրաժեշտ է մոտ 500 հազար մարդու մասնակցություն:










































