Ծխախոտամոլությունը առաջացնում է անվերադարձ փոփոխություններ՝ բացասաբար է ազդում մարդու բոլոր օրգան-համակարգերի նորմալ աշխատանքի վրա՝ առաջացնելով չարորակ ուռուցքներ, սրտի, գլխուղեղի անոթների աշխատանքի խանգարում, այն ազդում է ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքի վրա, առաջացնում ստամոքսի քաղցկեղ, կարող է առաջանալ շուրթերի քաղցկեղ, բացի այդ՝ ազդում է լիարժեք սեռական, սեքսուալ կյանքի վրա: Կարևորելով ծխելու դեմ պայքարի ծրագրի արդյունավետ միջոցների անհրաժեշտությունը՝ լրագրողների հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը, ով ծխել է 32 տարի ու ի վերջո հրաժարվել այդ վնասակար սովորույթից:
«Ծխախոտը բացասաբար է ազդում վահանաձև գեղձի, ամորձիների վրա, կարող է իջեցնել տեստոստերոնի քանակն ու որակը, ազդել սերմնահեղուկի շարժունակության վրա, իսկ ոչ նորմալ սերմնահեղուկի հետևանքով կարող է կինը վիժել կամ ընդհանրապես չհղիանալ»,- տեղեկացրեց սեքսապաթոլոգը:
Վերջինս կոչ արեց ցանկացած տարիքում լինել վճռական ու հրաժարվել ծխելուց: Իսկ թե ինչու ծխողները չեն ցանկանում թողնել ծխելը, վերջինս բացատրեց ռեֆլեքսով կամ ծխողների ցանկությամբ, որոնց դուր է գալիս ծխելու պրոցեսը: «Ասում են՝ սիրում եմ ծխելը»,- նշեց հոգեբանը՝ նշելով, որ կան ծխելուց հրաժարվելու բազմաթիվ եղանակներ՝ հոգեթերապևտիկ մեթոդը, խմբակային թերապիաներ, որտեղ սովորեցնում են ապրել առանց ծխախոտի:
«Էություն» ՀԿ-ի նախագահ, հոգեբան Լիլիթ Ադիբեկյանն էլ իր հերթին նշեց, որ ծխողները սովորաբար մտածում են, թե իրենց հետ ոչինչ չի պատահի, քանի որ ծխում է 0.1 տոկոսանոց խեժ: Տեսնում են, որ մեկը ծխելու հետևանքով մահացել է, մտածում են՝ իրենք ապահովագրված են դրանից: Նրա համոզմամբ՝ մարդիկ վախենում են այդ կախվածությունից հրաժարվելուց :
«Ծխողը երբեք չի մտածում, որ դառնալու է մոլի ծխող: Ասում են՝ որ թողնեմ ծխելը, ո՞նց եմ ապրելու: Խնդիրը ոչ թե ծխելուց հրաժարվելն է, այլ ծխելը նորից չվերսկսելը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ծխելու քիմիական ազդեցությունը անցնում է 3 շաբաթում, կարևորը հոգեբանական կախվածությունը հաղթահարելն է:
Վերջինս նաև ահազանգեց, որ ծխելու շեմը իջել է՝ մեզանում կան դեպքեր, երբ սկսում են ծխել արդեն 9 տարեկանից:
Բանախոսները կարևորեցին ծխելու դեմ պայքարի շարունակականությունը, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:












































