Համացանցի օգտատերերը կոչ են արել բոյկոտել Starbucks սրճարանն այն բանի համար, որ Ֆիլադելֆիայում ցանցի սրճարաններից մեկը հրաժարվել է երկու աֆրոամերիկացիների թույլ տալ օգտվել զուգարանից: #boycottstarbucks հեշթեգը ամենատարածվածն է դարձել ամերիկյան Twitter-ի շրջանում:
Ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել տեղի ունեցածի համար և նշել են, որ կվերանայեն իրենց սրճարաններում վարվելակերպի կանոնները:

Ինչպես նշվում է, երկու սևամորթ տղամարդ Starbucks-ում իրենց ընկերոջն են սպասելիս եղել, և ոչինչ չեն պատվիրել: Նրանցից մեկը ցանկացել է զուգարան մտնել, բայց հաստատության աշխատակիցները հայտարարել են, որ զուգարանից օգտվել կարող են միայն հաճախորդները: Դրանից հետո աշխատակիցներն այցելուներին մի քանի անգամ խնդրել են լքել սրճարանը, բայց վերջիններս հրաժարվել են: Ժամանած ոստիկանները ձերբակալել են տղամարդկանց, սակայն հետո բաց են թողել:
Սոցցանցերի օգտատերերը մեղադրել են Starbucks-ին ռասիզմի մեջ և նշել են, որ եթե սրճարան սպիտակներ գային և ոչինչ չպատվիրեին, նրանց հաստատ չէին առաջարկի լքել տարածքը և ոստիկանություն չէին կանչի:










































