Լեհաստանի բնակիչների հետ տեղի ունեցած դեպքը մռայլ կատակերգություն է հիշեցնում: Բանն այն է, որ որդին ծնողներին երևացել է այն ժամանակ, երբ վերջիններս նրա գերեզմանին ծաղիկներ դնելիս են եղել:
Ինչպես հաղորդում է Metro տաբլոիդը՝ 2011 թ. հոկտեմբերին Լեհաստանի 38-ամյա բնակիչն առանց զգուշացնելու հեռացել է տնից: Երկար տարիներ տղամարդու ծնողները սպասել են նրա վերադարձին, սակայն նա այդպես էլ չի հայտնվել:
Անհաջող որոնումներից հետո Յարոսլավի ծնողները աստիճանաբար համակերպվել են, որ այլևս երբեք չեն տեսնի իրենց որդուն: Ամուսինների վատ զգացողություններն իրականություն են դարձել, երբ իրավապահները հայտնել են նրա մահվան մասին: Ոստիկանների խոսքերով՝ տղամարդու մարմինը գտել էին ուկրաինական սահմանի հարևանությամբ:
Ծնողները մահացած տղամարդուն որպես իրենց որդի են ճանաչել և մարմինը թաղել են գերեզմանոցում: Սակայն նրանք չեն էլ պատկերացրել, որ սգում են դեռևս ողջ որդու համար:
Դա անցած շաբաթ է պարզվել, երբ լեհերի որդին հարազատ քաղաք է վերադարձել: Նրա հանկարծակի հայտնվելու պահին ծնողները տղամարդու գերեզմանին ծաղիկներ դնելիս են եղել:
Մայրը, որդու ձայնը լսելով, միանգամից ուշագնաց է եղել, իսկ հայրը քարացել է:
Այժմ իրավապահները պետք է պարզեն, թե իրականում ում են թաղել Յարոսլավի ծնողները:






































