«Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ըստ էության արդեն շատ երկար տարիներ Հայաստանի ժողովրդի նկատմամբ բռնություն են գործադրում՝ նրան պահելով գերության մեջ: Հիմա մի բռնություն ավել, մի բռնություն պակաս՝ շատ հա՞րց է որոշում: Սրանով ընդհակառակը՝ մենք հաղթահարեցինք բռնությունը»,- Հանրային ռադիոյի շենքի ներսից լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա իրենց բողոքն է Սերժ Սարգսյանի ուխտադրժության դեմ:
Նա այսօրվա ակցիայի ամենակարևոր պահը համարում է այն, որ ոստիկանը լիցքավորեց ատրճանակը. «Ես նրան առաջարկեցի՝ եթե ուզում է խփել, թող խփի, բայց մենք ներս ենք մտնելու: Ինչպես տեսնում եք՝ ես առայժմ ողջ-առողջ եմ»:
Փաշինյանը համոզված է, որ ոստիկանները ավելի ու ավելի ըմբռնումով են մոտենալու իրենց ակցիաներին:
Ինչ վերաբերում է բռնությանը, Փաշինյանն ասաց. «Բռնությունը բացառելու մի տարբերակ կա՝ քաղաքացիների շուրջօրյա ներկայությունը հրապարակում: Երեկ գիշերը հազարավոր ցուցարարներից մնացել էր 190 հոգի: Եվ եթե առաջիկա գիշերն էլ էս իրավիճակը շարունակվի, հավանականություն կա, որ, այո, ոստիկանությունը կմտնի, բոլորիս կձերբակալի: Ես երաշխավորում եմ, որ եթե ՀՀ քաղաքացիներն իրենց կամքը արտահայտեն, Հայաստանում իշխանափոխություն տեղի է ունենալու»: Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց գալ Ֆրանսիայի հրապարակ և կենդանի դիտել:
Լրագրողների հարցին՝ ընդդիմության համար դժվա՞ր էր իրազեկվել, թե որտեղ է ՀՀԿ-ն պատրաստվում անել իր նիստը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը փոքրիկ թռչնակի են հիշեցնում, ճյուղից ճյուղ են թռչում. երբ պարզում ենք, որ նրանք այս ճյուղի վրա են, նրանք հասցնում են թռչել նստել մյուս ճյուղի վրա»:










































