Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի սպիտակ շնաձուկը, որը գտնվել է նրա բիզնես-կենտրոնի բակի հսկա ակվարիումում, սատկել է: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավապաշտպան Նիկոլոզ Մժավանաձեին:
Բիձինա Իվանիշվիլիի շնաձուկը սատկել է նոյեմբերի սկզբին: Դրա պատճառ է դարձել անորակ ջուրը: Առկա է խելամիտ կասկած, որ ջրամատակարարման ցանցի խողովակները չեն համապատասխանում չափանիշներին՝ ասել է նա՝ նշելով այդ առնչությամբ հետազոտության անցկացման անհրաժեշտությունը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Իրավապաշտպանի խոսքով՝ տեղի ունեցածը վրդովեցրել է Իվանիշվիլիին, և նա հանձնարարել է մասնագետներին ուսումնասիրել ջուրը:
Իր հերթին, նախկին վարչապետի մամլո ծառայության ղեկավար Մանանա Տակմաջիշվիլին Novosti Gruziya-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ սպիտակ շնաձուկն Իվանիշվիլիի բիզնես-կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի սկզբին և տեղավորվել հսկա ակվարիումում, որի համար 25 տոննա աղ էր կիրառվել: Մասնագետները ստեղծել էին ծովային գիշատչի բնակության միջավայրին առավել մոտ պայմաններ:








































