Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը և ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Թեմայի շուրջ խոսեց «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, թե քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն, թե ինչ է արվում, այլև այն, թե ինչպես է արվում: Ըստ նրա՝ սեպտեմբերի 3-ի որոշումն առնվազն վկայությունն է այն բանի, որ կա՛մ ինքնին իշխանությունը կողմնորոշված չէ, կա՛մ այդ կողմնորոշումը եղել է ժողովրդից թաքուն: Նրա գնահատմամբ՝ երկուսն էլ լավ չէ, եթե դատում ենք քաղաքական տեսանկյունից:
«Նախաձեռնությունները, որոնք պետք է մեզ մոտեցնեին եվրոպական դրական արժեքներին, տապալվել են մեր իշխանության կողմից, և պատահական չէ, որ ՀՀ-ն զարգացող երկրների ցուցակում չէ, այլ տապալված պետականություն է:
Նորություն չեմ ասի, որ Եվրոպայի հետ ասոցացվելը կնշանակի ունենալ ինքնուրույն քաղաքական դեմք, վարել քաղաքականություն ժողովրդի հետ միասին, որը պետք է ունենա բավականին բարձր մակարդակի վստահություն առ իր իշխանությունը:
Աքսիոմա է՝ քաղաքականության մեջ չեն լինում վատ-լավ իրավիճակներ, այլ վատ-լավ են օգտագործվում այդ իրավիճակները»,- նման տեսակետ հայտնեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, թե արդյոք հասունացա՞ծ է քաղաքացիական հասարակությունը, որ պարտադրի իշխանությանը և կիսի իշխանության պատասխանատվությունը, թե՞ մենք մնալու ենք ոչ արդյունավետ քննադատության դաշտում:
«Ես դատապարտում եմ երկրից դուրս կայացված որոշումները. սա ամենակարևորն է»,- նկատեց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































