Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ ՄԱԱ-ում հրավիրել էր հասարակական-քաղաքական քննարկում. «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը և ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Թեմայի շուրջ խոսեց ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը, որը համամիտ էր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքին, թե չկա բավարար տեղեկատվություն, որպեսզի կարողանանք համեմատություն կատարել՝ ամբողջական վերլուծելով ՀՀ-ին առաջարկվող փաթեթները:
«Բայց կարծում եմ, որ գլխավորը արժեհամակարգերի տարբերությունն է: Ցանկացած միություն բխում է այն արժեհամակարգից, որ իր հիմքում ունի: Մենք տեղյակ ենք արժեհամակարգերի տարբերությանը, մենք եվրոպական արժեհամակարգ ասելով՝ նկատի ունենք գլոբալ արժեքներ, որոնք Եվրոպան առաջարկում է: Մենք պարզապես պետք է ընտրություն կատարենք քաղաքակիրթ արժեհամակարգի և այն արժեհամակարգի միջև, որոնք կան ՄՄ երկրներում»,- նման տեսակետ հայտնեց նա: Ապա նշեց, որ փակուղին այդքան ուժեղ չի կարող լինել, քանի որ չկա մի փակուղի, որտեղից դուրս գալու ելքեր չլինեն: Կարեն Կարապետյանի համոզմամբ, սակայն, դրա համար պետք է դրսևորել քաղաքական կամք և վճռականություն, որը, ցավոք, ՀՀ իշխանությունները չունեն: Նրա համոզմամբ՝ ՌԴ-ի ձեռքին գործում է կոմպրոմատների մեխանիզմը, որը ցանկացած պահին օգտագործվում է երկրների իշխանությունների դեմ:










































