Մեքսիկայի տուրիզմի նախարար Էնրիկե դե լա Մադրիդը հայտարարել է, որ Մեքսիկան ուշադրություն պետք է դարձնի մարիխուանայի օգտագործման նկատմամբ ազատական քաղաքականությանը, որ իրականացվում է ամերիկյան Կալիֆորնիա նահանգում։ Նրա խոսքերով՝ կառավարությունը նույնպես պետք է քննարկի Մեքսիկայում մարիխուանայի օրինականացման հարցը։
«Մեր քաղաքականությունը, որ հիմա ուղղված է երկրում թմրանյութերի դեմ պայքարին՝ տրամաբանական չէ։ Մենք մեծ միջոցներ ենք ծախսում մարիխուանա օգտագործողներին հայտնաբերելու և բռնելու վրա, իսկ կարող էինք այդ ռեսուրսները օգտագործել ավելի լուրջ հանցագործություններ բացահայտելու համար»,– ասել է նա։
Տուրիզմի նախարարը գտնում է, որ նման քաղաքականությունը հավասարազոր է նրան, որ փողերդ տաս հանցագործների ձեռքը։ Նրանք իրենց հերթին կաշառում են մեքսիկական ոստիկանության աշխատակիցներին կամ էլ ավելի շատ զենք են ձեռք բերում, որ բերում է երկրում բռնության ավելացմանը։
«Ես դեմ եմ վատ քաղաքականությանը, որ բերում է երկրում բռնության աճի»,– ընդգծել է դե լա Մադրիդը։












































