Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովն ուրախ է Հայաստանում լինելու համար և բարձր է գնահատում հայ դասական երաժիշտների արվեստը: Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` հավելելով, որ հույս ունի վաղը կայանալիք իր մենահամերգին հաճելի պահեր պարգևել հայ հանդիսատեսին:
«Ես որպես ջութակահար ինձ համարում եմ ռուսական դասական երաժշտության լավագույն ավանդույթների, Մստիսլավ Ռոստրոպովիչի ավանդույթների շարունակողը: Իհարկե, 21-րդ դարում էլ շատ են տաղանդավոր կոմպոզիտորները, որոնց պարբերաբար խնդրում եմ ինձ համար նոր ստեղծաործություններ գրել: Միաժամանակ, կարծում եմ, հին ավանդույթները պահպանելը ևս շատ կարևոր է»,- ասաց նա` հավելելով, որ իր ռեպերտուարը խիստ բազմազան է:
Երաժիշտը նշեց, որ հայ դաշնակահար Վահագն Պապյանի հետ համագործակցում է տասնյակ տարիներ, իրենք բեմում միմյանց շատ լավ են զգում: «Ուրախ եմ, որ հատկապես նրա հետ եմ նվագելու: Մեր ընկերությունը ոչ միայն բեմի վրա է, այլ նաև հոգևոր դաշտում»,- ասաց Վենգերովը` հավելելով, որ միշտ էլ ցանկություն է ունեցել Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը նվագել, ինչը, սակայն, դեպքերի բերումով, երբեք իրականություն չի դարձել, և որի շուրջ մինչ այժմ մտածում է:
Երաժիշտը նշեց, որ պլանավորում է համերգներ ունենալ մի շարք երկրներում, այդ թվում`աֆրիկյան: «Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա երկու տարի է`ամուսնացած եմ սիրելիիս հետ: Երկու աղջիկ ունենք` երկու տարեկան Լիզան և հինգ ամսական Պոլինան: Այս ամենի համար Երևանին եմ շնորհակալ, որտեղ առաջին համերգով եկա սիրելիիս` Օլգայի հետ: Այստեղ էլ հենց սկսվեց մեր առավել ամուր ընկերությունը»:
Պատասխանելով հարցին` ավելի հեշտ է ջութակահա՞ր, թե՞ դիրիժոր լինելը, Մաքսիմ Վենգերովը նկատեց, որ խմբավարությունը մասնագիտություն է ամբողջ կյանքի համար, որով զբաղվելու համար, սակայն, որևէ երաժշտական գործիքի պետք է տիրապետել:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































