Հայաստանի ներքաղաքական կյանքի և արտաքին քաղաքական իրավիճակի համադրությունը աբսուրդային պատկեր է ի ցույց դնում: Ինչքան անհանգիստ է երկրի սահմանների շուրջ՝ առայժմ միայն դիվանագիտական, քաղաքական իմաստով, այնքան հանգիստ է երկրի ներքաղաքական կյանքը:
Անհանգիստ է միայն Պարույր Հայրիկյանը, որի գործողությունները, սակայն, արժանանում են ոչ միանշանակ վերաբերմունքի՝ մի մասը լրջորեն փորձում է պատրաստվել նրա հետ Մաքսային միությանն անդամակցելու դեմ հանրահավաքի, մյուս մասը ծիծաղում է նրա վրա, ոմանք էլ անտարբեր են: Դեռ պարզ չէ, թե որ ուժերը կմիանան Հայրիկյանի հանրահավաքին: Խորհրդարանում ընդհանրապես լռություն է: Երբ հարկ է լինում, այսպես ասած, ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորները ասում են, թե ահա ինչ ուժեղ է այսօր խորհրդարանում ընդդիմությունը, որ կարողանում է նույնիսկ անարգել կերպով արտահերթ նիստեր նախաձեռնել, ու ՀՀԿ-ին փախչելուց բացի` այլ բան չի մնում: Սակայն այսօր, երբ Հայաստանի ինքնիշխանության հարցն է դրված սեղանին, և արդեն նույնիսկ դանակ ու պատառաքաղի տեղերը վրան են, հարց է առաջանում՝ ուր է խորհրդարանական ընդդիմություն կոչվածը` մեկ-երկու պատգամավորական բացառությամբ:
Մյուս կողմից` ինչքան էլ այս բոլոր հարցադրումները տեսականորեն հիմնավոր են և այս առումով արդարացիորեն հնչում են հասարակության տարբեր շերտերից ու խմբերից, այնուհանդերձ պրակտիկ իմաստով շատ ավելի լավ է, երբ խորհրդարանական ընդդիմություն կոչվածը լուռ է: Վերջին հաշվով, այս ընդդիմությունը սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո է ի ցույց դրել իր լոյալությունը Մաքսային միությանը, և այսօր որևէ հարցադրում անել նրանց պրակտիկ պահվածքի մասին, որ կարող են դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանի այդ որոշմանը, ինքնախաբեություն կլինի: Բացի այդ` այս ուժերը նաև ցույց են տվել,- արդեն սեպտեմբերի 3-ից առաջ,- որ հասարակությանը ջլատելուց և իշխանության ու հասարակության միջև բուֆերի դեր կատարելուց զատ, որևէ այլ բանի ունակ չեն կամ ցանկություն չունեն: Ընդ որում` սա ցույց են տվել ոչ մեկ անգամ: Եվ ուրեմն` ավելի լավ է, երբ այսօր այդ ուժերը պարզապես լուռ են:
Նախ` դա շատ խոսուն լռություն է և հասարակությանը շատ բան է ասում, և բացի այդ՝ նրանց լռությունը կարող է լինել այն միակ օգուտը, որ կարող են այդ ուժերը տալ քաղաքացիներին՝ չխանգարելով նրանց հասունացող պայքարին, նրանց ընդվզումին: Թեև նրանք չեն խանգարում այսօր, երբ ընդվզումը չունի ռուսահպատակ իշխանության և ընդդիմությունների համար վտանգավոր ոչ մի եզր: Եթե հանկարծ այդ եզրը ավելանա, կասկած չկա, որ արժանանալու է քաղաքական այդ սեգմենտի միահամուռ դիմադրությանը, և ամեն մեկն իրեն բնորոշ տեխնոլոգիաներով փորձելու է մանիպուլյացիայի ենթարկել քաղաքացիական ընդվզումն ու ջլատել հասարակական ռեսուրսը` պահպանելով Սերժ Սարգսյանի իշխանական և իրենց ընդդիմադիր մոնոպոլիաները, իսկ ընդհանուր առմամբ՝ մետրոպոլիայի անսասան դիրքերը Հայաստանում:
Այս տեսանկյունից, շատ բան որոշելու է Պուտինի Հայաստան կատարելիք այցը: Այս այցի ընթացքում Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոյին ոչինչ չի սպառնում: Պուտինի այցի օրակարգում դա փոխելու խնդիր բոլորովին չկա, այլապես Սերժ Սարգսյանը Վիլնյուս չէր գնա, վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ չէր գնա Գյումրի Պուտինի ոտքի տակի գորգի «անկատարությունը» ստուգելու և դրա համար, ըստ էության, պատասխանատվություն վերցնելու: Խնդիրը լինելու է բոլորովին այլ բան, օրակարգում լինելու է բոլորովին այլ հարց:
Ռուսաստանն իր գործողություններով Հայաստանում առաջացրել է աննախադեպ հասարակական դժգոհություն: Մոսկվան շատ լավ է հասկանում, որ այդ դժգոհությունը միանգամայն արդարացի է և հիմնավոր, իսկ ինքն էլ փաստարկ չունի դրա դեմ: Դե ինչ փաստարկ ունենա, երբ իրավիճակը շատ պարզ է՝ Ռուսաստանի և Հայաստանի շահերը հակադիր են իրար, և Հայաստանին դժգոհ չթողնելու համար Ռուսաստանը պետք է հրաժարվի սեփական շահերը սպասարկելուց: Կամ էլ մնում է Հայաստանին զրկել սեփական շահերը սպասարկելու հնարավորությունից: Այլ տարբերակ չկա, այլ տարբերակը ներողություն խնդրելն ու պարզ խոստովանելն է, թե` հայեր, կներեք, բայց մենք ձեզ համար վտանգավոր բաներ ենք անում, որովհետև դա են պահանջում մեր շահերը: Ռուսաստանը դա չի ասում` երևի մտածելով, որ ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ ուդմուրտները այդ ամենը միանգամից կհասկանային: Դրա համար էլ Մոսկվան պարզապես գնում է երկրորդ ճանապարհով և Հայաստանին զրկում է սեփական շահերը սպասարկելու հնարավորությունից:
Հայաստանի հասարակության մեջ, ի տարբերություն քաղաքական դաշտի մեծ մասի, այս իրողության դեմ ընդվզում է առաջացել: Այդ ընդվզումը, իհարկե, չունի մեծ դրսևորումներ, բայց ինչ իմանաս, թե ինչ կլինի հետո: Եվ ուրեմն` այդ հետոն կանխելու համար պետք է հստակեցվեն անելիքները այն սուբյեկտների, որոնք Հայաստանում արդեն տևական ժամանակաշրջան է, ինչ ստանձնել են ռուսական շահերի սպասարկումը: Պուտինի այցի ընթացքում տրվելու են հանձնարարականները: Իսկ Պուտինն անձամբ է գալիս դրանք տալու, որպեսզի ներքին խժդժություններ չսկսեն, այսպես ասած` ամեն ոք ամեն ինչ լսի առաջին շուրթից:
Ռուսաստանի օրակարգում ներկայումս այդ հարցն է՝ կազմակերպել Հայաստանի քաղաքացիական հասարակության դեմ քաղաքական միջնաբերդ կամ ավելի ճիշտ ամրացնել եղած միջնաբերդը` թույլ չտալով, որ հանկարծ այդ հասարակությունը առաջ գնա այնքան, որ հասնի արդեն սեփական քաղաքական միջնաբերդի ձևավորմանը, որը հիմնված կլինի հասարակության, ոչ թե ռուսական աշխարհաքաղաքական շահերի վրա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































