Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ միասին հստակ խնդիր է դրել ապահովել մաքսիմալ իրազեկվածություն, և դրանով է պայմանավորված մի փոքր ոչ ստանդարտ, արտառոց քաղաքական տեխնոլոգիաների կիրառումը հանրային իրազեկություն և մոբիլիզացիա ապահովելու համար։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ դա և՛ իրենց քայլերթն է, և՛ Ազգային ժողովում ծխի ակցիան։
Նրա խոսքերով` Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի սցենարը հետևյալն է՝ հավաքվում է մեծաքանակ բազմություն, որը հանրային մեծ ճնշում է գործադրում ՀՀԿ-ի և խորհրդարանական մեծամասնության վրա՝ զերծ պահելով պատգամավորներին Սերժ Սարգսյանին օգտին քվեարկելու հեռանկարից։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենք չեն ասում, որ պետք է անպայման 50 հազար մարդ լինի, նոր գործողություն անեն, 5 հոգով էլ լինեն, գործողություն անելու են, նաև պնդմանը, որ եթե մարդիկ տասնյակ հազարներով փողոց դուրս գան ու նա չկարողանա ապահովել հաղթանակ, նա կհեռանա քաղաքականությունից, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից գիտի հանրային տրամադրությունները, նաև տեսանելի է, որ հեռուստաընկերությունները որևէ կերպ չեն օգնում իրազեկվածության բարձրացմանը, մյուս կողմից էլ նկատելի է, որ քայլարշավը դեռևս բոլորի համար չէ, որ համոզիչ և գրավող է։ Այս կտրվածքով, Փաշինյանի հայտարարությունը ես կմեկնաբանեմ հետագա զարգացումներում հանրության հետ հաղորդակցության ընթացքում սեփական գործունեության ապահովագրում»։
Սաֆարյանի ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հիշում է իր նախկին հայտարարությունները մեկ անգամ և մինչև վերջ գնալու մասին. «Թերևս սա է պատճառը, որ խոսում է քաղաքականությունից հեռանալու մասին, եթե ձախողի իր խոստման կատարումը։ Մյուս կողմից, կարծեք թե կրկին ապահովագրում է, որ եթե անգամ 100 հազար մարդ էլ չհավաքվի, իրենք 5 հոգով գործողության դիմելու են։ Սա վճռականության ուղղակի դրսևորում է։ Նա առավել լավ գիտի, որ եթե հանրությունը նախկին ընդդիմադիրներին քննադատել է, ապա մինչև վերջ չգնալու, կամքի բացակայության համար և այս առումով զուտ տեխնոլոգիական առումով Փաշինյանը ճիշտ քայլ է անում»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։











































