Ավանդաբար ամերիկյան Time պարբերականի խմբագրական կոլեգիան է որոշում, թե ում շնորհի «Տարվա մարդ» կոչումը: Սակայն այս տարի ամսագրի ղեկավարությունը որոշել է ընտրության իրավունքը տալ համացանցային լսարանին: Մինչև դեկտեմբերի 4-ը համացանցից օգտվողները կարող են քվեարկությանը մասնակցել Twitter-ում կամ ամսագրի կայքում: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Իրականում միևնույն է՝ վերջնական որոշումը կկայացնի Time-ի խմբագրակազմը, սակայն լսարանի քվեարկությունը կօգնի նրան ընտրության հարցում:
Վերջին տվյալներով՝ տիտղոսի համար մրցապայքարի առաջատար դիրքերից մեկում ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն է: Ցուցակում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Խմբագրության կողմից ցուցակում Ցարնաև եղբայրներին ներառելը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել: Եղբայրները մեղադրվում են այս տարվա ապրիլին Բոստոնում իրականացված ահաբեկչության մեջ:
Time ամսագիրը տիտղոսը շնորհում է 1927 թվականից: Այդ ժամանակ վերոնշյալ կոչմանն էր արժանացել օդաչու Չարլզ Լինդբերգը, ով պատմության մեջ առաջին անգամ միայնակ հատել էր Ատլանտյան օվկիանոսը:
Տարբեր տարիների «Տարվա մարդ» են դարձել Ֆրանկլին Ռուզվելտը, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Միխայիլ Գորբաչովը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը:
Սպասվում է, որ դեկտեմբերի 11-ին NBC-ի եթերում ամսագրի խմբագիր Նենսի Գիբսը կհայտարարի այս տարվա տիտղոսակրի անունը:










































