«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
Այսօր Վիլնյուսում սկսվել է «Եվրպական հարևանության» համաժողովը: Նախնական դասավորությամբ՝ Ռուսաստանը մինչ այդ հանդիպումը հասել Է որոշակի հաջողությունների՝ թույլ չտալով, որ Հայաստանն ու Ուկրաինան ստորագրեն համապատասխան փաստաթղթերը: Հիշյալ երկրների համար դա, իմ կարծիքով, լուրջ անհաջողություն է, և հակառակը՝ Վրաստանի և Մոլդովայի համար՝ որոշակի հաջողություն, քանի որ այդ երկրները կարողացել են ցույց տալ իրենց «դիմադրողականության ունակությունը»:
Սակայն ինձ թույլ կտամ փոքր-ինչ շեղվել այդ՝ արդեն չափազանց ծեծված թեմայից և խոսել ընդհանրապես հաջողության մասին՝ մի բանի, որը մենք ձևականորեն կամ անկեղծորեն հաճախ մաղթում ենք իրար: Աշխարհուճ կան հարյուրավոր գրքեր, հոդվածներ և հարցազրույցներ, որտեղ միլիոնատերերը բացատրում են, թե ինչպես են հասել հաջողության:
Հենրի Ֆորդը, օրինակ, պատմում է, թե ինչպես կատարելագործել ավտոմեքենաների արտադրությունը, Բիլ Գեյթսը՝ ինչպես հեղափոխություն ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Եթե նման գիրք գրի ռուսաստանցի օլիգարխը, այն (անկեղծ լինելու դեպքում կկոչվի «Ինչպես եմ ես Խորհրդային Միության փլուզման պահին հայտնվել նավթի խողովակի կողքին»։ Իսկ հայ օլիգարխն իր գիրքը կվերնագրի` «Ինչպես էի ես Ուկրաինայից շաքարավազ բերում»։
Աշխարհում միլիոնավոր մարդիկ կարդում են այդ գրված կամ չգրված գրքերը, ոգևորվում են այդ օրինակներով կամ նախանձով են լցվում և գլուխը տարուբերելով ասում են՝ «վայ, բախտի տերը թաղեմ»։ Հաջողությունը գիտակցության այս պարզագույն մակարդակի վրա հավասարազոր է հարուստ կամ, համենայնդեպս, բարեկեցիկ մարդ դառնալուն՝ դրանով է կողմնորոշվում մարդկության մեծամասնությունը։ Դա, իհարկե, պատրանք է, որովհետև՝ ա) պահանջարկի բավարարումը նոր` ավելի բարձր պահանջարկ է առաջացնում (ինչի մասին դեռևս 19-րդ դարի առաջին կեսին գրել է Ֆրանսիացի գործիչ Ալեբսիս դե Տոկվիլը), բ) որքան շատ են մարդու նյութական կարողությունները, այնքան շատ է նա դողում իր ունեցվածքի վրա, ինչը նրան կատարելապես դժբախտ է դարձնում, գ) աշխարհում կան բազմաթիվ մարդիկ (սկսած ինձնից), որոնք իրենց կյանքից միանգամայն գոհ են, բայց որևէ չափանիշով հարստությունից չափազանց հեռու են։
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:










































