Մեր ուժերը լիովին բավարարեցին մեր ծրագիրն իրականացնելու համար։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնությանը։
«Մենք մեր ծրագրով բոլոր քայլերը կանենք, կհասնենք Ազատության հրապարակ ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին և արդեն կսկսենք շուրջօրյա 4 օր տևող հանրահավաքը։ Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք, դրական արձագանքները շատ են, դրական ազդակներ ու լիցքեր ենք ստացել այս օրերի ընթացքում։ Եթե սկզբի օրերին մարդիկ քիչ էին տեղեկացված, երեկվանից ես զգացի, որ մեր կողքով անցնող բոլոր ավտոմեքենաները ազդանշան էին տալիս, ողջունում էին մեզ։ Մարդիկ կանգնում էին բարևելու։ Չնայած մեր քայլերթը չի լուսաբանվում Հանրային և այլ հեռուստաեթերներով, այն մարդիկ, որոնք ուզում են տեղեկացված լինել, արդեն տեղեկացված են»,- ասաց նա։
Հարցին, թե բավարա՞ր է հանրության արձագանքը՝ հաշվի առնելով, որ մասնակիցների թիվը շատ չի ավելացել, Լենա Նազարյանը պատասխանեց. «Մենք կոչ չէինք արել միանալ, բայց մարդիկ միանում են։ Ամեն օր նոր մարդիկ են գալիս, նույնիսկ արտերկրից, համայնքներից են միանում»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։






































