Ուկրաինան Ռուսաստանի խնդրանքով հետաձգել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ ռուս-ուկրաինական տնտեսական հարաբերություները բարելավելու համար բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին նոյեմբերի 26-ին արտասահմանյան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովը: Թե ումից է կոնկրետ եղել պահանջը, նա չի մասնավորեցրել:
«ՌԴ-ի ղեկավարությունը միանշանակ հայտարարել է՝ համաձայնագրի ստորագրումը նշանակում է, որ հետագայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների քննարկումն անիմաստ է դառնում: Մեզ հստակ ասվել է՝ մենք պատրաստ ենք եռակողմ ռեժիմով քննարկել խնդիրները, սակայն դրա համար անհրաժեշտ է հետաձգել համաձայնագրի ստորագրումը, և մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, կպայմանավորվենք, այնուհետև կարող եք ստորագրել»,- տեղեկացրել է Ազարովը:
Ընդ որում, նա հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուղիղ վերջնագիր չի ներկայացվել:
Ռուսաստանի հետ բանակցությունները, ինչպես հաղորդել է Ազարովը, կսկսվեն դեկտեմբերին: Ընդ որում, առայժմ պայմանավորվածություններ չկան ռուսական կողմի հետ գազի պայմանագիրը վերանայելու մասին, ինչին Ուկրաինան վաղուց է ձգտում:
Ազարովը հերքել է նաև լուրերն այն մասին,թե ԵՄ-ին անդամագրվելուց հրաժարվելու դեպքում Ռուսաստանն Ուկրաինային վարկեր է խոստացել:












































