«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր միջնորդել է դատարանին անպարտ ճանաչել ու արդարացնել իր պաշտպանյալին, վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակել դատարանի դահլիճից:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարանում, այսօր հրապարակած իր 72 թերթանոց պաշտպանական ճառում Երեմ Սարգսյանն հայտարարել է, որ գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցները թույլ են տալիս հայտարարելու, որ գործը ենթակա է կարճման, իսկ իր պաշտպանյալը՝ արդարացման:
Ըստ պաշտպանի, գործով նախաքննությունն անց է կացվել քրեադատավարական և այլ օրենքների բազմաթիվ էական խախտումներով, այդպիսի պայմաններում ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի ճանաչվել: Մասնավորապես, ըստ պաշտպանի, գործով նախաքննության ընթացքում՝ 2007թ. սեպտեմբերի 1-ից հետո (քրեական գործը հարուցվել է 2006թ. հունիսի 22-ին) մի քանի տարվա ընթացքում որոշումներ չեն կայացվել նախաքննության ժամկետը երկարացնելու մասին, մի շարք վկաների, ինչպես նաև Ս.Զատիկյանի սպանության մայր գործով դատապարտյալներ Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի ցուցմունքները ձեռք են բերվել օրենքների կոպիտ խախտմամբ, բռնությունների ու հոգեբանական ճնշման գործադրմամբ: Խախտվել է նաև Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի պաշտպանության իրավունքը՝ պաշտպան Արթուր Ղարիբյանը ներկայացել է քննիչի հրավերով, ինչի արդյունքում «ինքնախոստովանական ցուցմունքներ» են կորզվել:
Փաստի առնչությամբ Փաստաբանների պալատում համապատասխան կարգապահական վարույթ է իրականացվել, որն էլ արձանագրել է խախտումը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում










































