Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ հայտարարություն անելու իրավունքը վերապահվեց Կարեն Կարապետյանին, որովհետև ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, մինչև երեկ գործող վարչապետն էր, այս պահին վարչապետի պաշտոնակատարն է և ՀՀԿ-ի առանցքային դերակատարներից մեկն է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Չեմ կարծում, որ այստեղ պետք է սենսացիա փնտրել։ Կուսակցության նախագահի և առաջին տեղակալի հանդիպման ընթացքում նրանք եկել են նման եզրակացության՝ ՀՀԿ գործադիր մարմնին և խորհրդին առաջարկել, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի առաջին դեմք։ Այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ավելի շատ տեսնում եմ տրամաբանված քայլ»,- ասաց Շարմազանովը։
Դիտարկմանը, որ ամիսներ շարունակ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, ի՞նչ է փոխվել այս ընթացքում, որ հիմա այլևս այդ պաշտոնում իրեն չի տեսնում, Շարմազանովն արձագանքեց. «Կարեն Կարապետյանն իր հայտարարության մեջ շատ հստակ նշել է պատճառը, թե ինքն ինչպես է հիմնավորում այդ առաջարկությունը, որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում, շատ նորմալ է։ Մենք էլ կուսակցությունով կնստենք, կորոշենք ու կներկայացնենք ձեզ։ Որևէ հակասություն Կարեն Կարապետյանի խոսքերի մեջ ես չեմ տեսնում»։
Ինչ վերաբերում է նրան, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ամբողջությամբ տանում էր Կարեն Կարապետյանը, խոստումներ էր տալիս, իսկ հիմա նրան չեն վստահում վարչապետի պաշտոնը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մի մտահոգվեք և մի փորձեք Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի միջև սեպ խրել։ Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առաջին փոխնախագահն է, որի շնորհիվ հասել ենք լուրջ հաջողությունների տնտեսական աճի առումով։ Ձեզ վրա մի վերցրեք Կարեն Կարապետյանի փաստաբանի դերը, նա ձեր պաշտպանության կարիքը չունի։ Նրան մեզնից մի պաշտպանեք, նա մեր ընկերն է, մեր եղբայրն է, մեր գործընկերն է, և բոլորս անում ենք նույն գործը։ Մենք ապրում ենք խորհրդարանական երկրում, որտեղ առանցքայինը թիմային որոշումներն են և թիմային գործելաոճը, որտեղ ամեն մեկն ունի իր լուրջ դերակատարումը։ Այն, որ Կարեն Կարապետյանը կունենա իր լուրջ դերակատարումը, ես դրանում չեմ էլ կասկածում»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։











































