Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
«Մենք արդեն խորհրդարանական հանրապետություն ենք և պետք է ի մի բերենք, թե ինչ արդյունքներով է Հայաստանը դարձել խորհրդարանական հանրապետություն»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ում Հայաստանը ամենամեծ տնտեսական աճ ապահովող երկիրն է. «Մենք 2017 թվականը փակել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով»:
«Այս տարիների ընթացքում ՀՀ-ում զարգացել է ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և պատահական չէ, որ պարոն Յագլանդը նշեց, որ Հայաստանը ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- նշեց Շարմազանովը:
Ինչպես հայտարարեց ԱԺ փոխխոսնակը՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ 2017-ի ապրիլին հաջողվեց կազմակերպել լավագույն խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքները որևէ առանցքային քաղաքական դերակատարի մեջ հարցականներ չառաջացրեց:
«ՀՀ-ն իրականացնում է արտաքին նախաձեռնող քաղաքականություն. Հայաստանը դարձավ ԵՏՄ հիմնադիր անդամ, ՀԱՊԿ-ում Հայաստանի դերակատարությունն ուժեղացավ, մյուս կողմից՝ Հայաստանին հաջողվեց պայմանագիր ստորագրել ԵՄ-ի հետ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:
Նրա խոսքով՝ ուժեղացվել և մոդեռնիզացվել է ՀՀ անվտանգության համակարգը՝ 2016-ի ապրիլի համեմատ. «Այս ձեռքբերումները չէին կարող լինել առանց պետության նախագահ Սերժ Սարգսյանի»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































