ՀՀ-ն փնտրելու է ժողովրդավարություն այնտեղ, որտեղ այն կա, և անվտանգություն այնտեղ, որտեղ այն կա, այլ ելք չկա: Այս մասին այսօր քաղաքական գործիչների և վերլուծաբանների հետ «Վիլնյուսյան գագաթնաժողով. քաղաքական պարտությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի համար» քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ Վիլնյուսյան գագաթնաժողովով ոչինչ չի սկսվում և ավարտվում: Ավելին, նրա խոսքով, գագաթնաժողովից հետո է հստակություն մտնելու, թե որտեղ է լինելու Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ:
«Վիլնյուսում կֆիքսվի այն իրավիճակը, որն ունեցել ենք, այսինքն՝ ամբողջացված բանակցությունները: Հայաստանի ընթացքը Եվրոպայի և ՌԴ-ի ուղղությամբ շարունակվելու է, թեև սեպտեմբերի երեքից հետո դրանք փոքրացել են, բայց դրանք կան և խաղարկվելու են, բայց թե ինչպես՝ կտեսնենք: Չեմ կարծում, որ կդադարեցվի Հայաստանի ընթացքն այս կամ այն ուղղությամբ, դա կախված չէ կարճաժամկետ քաղաքական որոշումներից, ինչպիսին սեպտեմբերի 3-ն էր: Այդ հասկացողությունը կա Եվրոպայում: Վիլնյուսում կասվի, որ շարունակություն է լինելու»,- տեսակետ հայտնեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքական վերլուծաբանը շատերի պես կարծում է, որ սեպտեմբերի 3-ին կայացվել է քաղաքական որոշում, և այն որևէ առնչություն չունի տնտեսության հետ: Ավելին, նրա համոզմամբ, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ, Սեդրակյանը, Հայրիկյանը, նույն որոշումն էր կայացնելու, այսինքն՝ այդ որոշումը նրանք չէին կայացնելու:
«Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ-ը, քանի որ այլ ելք չուներ: Անկախության առաջին իսկ օրից է կայացրել ՀՀ-ն այդ որոշումը: Ուստի պատահեց այն, ինչ պատահեց: Մենք փնտրելու ենք ժողովրդավարություն այնտեղ, որտեղ ժողովրդավարություն կա, և անվտանգություն այնտեղ, որտեղ անվտանգություն կա»,- ավարտեց իր խոսքն Ալեքսանդր Իսկանդարյանը:









































