Մադոննան ժամանել է Հայիթի՝ ստուգելու նախկին ամուսնու՝ Շոն Պենի վերահսկողության ներքո մարդասիրական նախագծերի իրականացման ընթացքը 2010-ի երկրաշարժից ավերված կարիբյան երկրում: Այս մասին դերասանը հեռախոսով հայտնել է Associated Press-ին՝ նշելով, որ ինքն է նրան հրավիրել: Նրա խոսքով՝ Մադոննան որդու՝ Ռոկկոյի հետ ժամանել է մի քանի օր առաջ: Հայտնի չէ, թե երբ է փոփ թագուհին պատրաստվում հեռանալ այնտեղից:
Մադոննան այցի վերաբերյալ ակտիվորեն լուսանկարներ է տեղադրում Instagram-ում: Լուսանկարներից մեկում նա պատկերված է նոր հիվանդանոցում, որը կառուցվել է երկրի կենտրոնական մասում:
Պենը Հայիթիում գործող մարդասիրական խմբի համահիմնադիրն է: Խումբը զբաղվում է կացարանների կառուցմամբ ու միլիոնավոր տեղահանվածների վերաբնակեցմամբ:
Նրա խումբը վերջերս հովանավորել է Հայիթիի 5 վազորդների՝ մասնակցելու նյույորքյան մարաթոնին:










































