Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինները կանխատեսում են մոտակա ժամականերս Իսրայելի հետ զինադադարի դադարեցում, որը ձեռք էր բերվել մեկ տարի առաջ Եգիպտոսի միջնորդությամբ: Այս մասին RIA Novosti-ին հաղորդել է «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչ Աբու Ահմադը:
«Երևում է՝ իսրայելցի թշնամուն այլևս չի հետաքրքրում խաղաղությունը: Մենք նրա կողմից հաշվել ենք ավելի քան 20 խախտում վերջին շաբաթվա ընթացքում և 1300 խախտում՝ 2012թ. դեկտեմբերից: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել նման իրավիճակում»,- ասել է Ահմադը:
«Իսլամական ջիհադի» շարքերում կռվում է 8000 գրոհային: Այն իր ռազմական ներուժով զիջում է միայն ՀԱՄԱՍ-ին:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Իսրայելի հետ հակամարտությունում գրոհայինները հիմնական խաղադրույքն անում են հակատանկային զենքի և տեղական ու իրանական արտադրության փոքր հեռահարության հրթիռների վրա: Ի տարբերություն ՀԱՄԱՍ-ի, որը վերցրել է Կատարի, Թուրքիայի և Եգիպտոսի նախկին իսլամիստական իշխանությունների հետ մերձենալու կուրս, «Իսլամական ջիհադը» պահպանում է հավատարմությունը Իրանի հանդեպ:
Հիշեցնենք, որ զինված հակամարտության նախորդ փուլը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, երբ իսրայելցի զինվորականները մոտ մեկ շաբաթ ոչնչացրին պաղեստինյան խմբավորումների ենթակառուցվածքները և պաղեստինցի ակտիվիստներին, որոնք էլ իրենց հերթին զանգվածային հրթիռային հարձակման ենթարկեցին Իսրայելի տարածքը, այդ թվում՝ Թել Ավիվը և Երուսաղեմը:







































