Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 27-ին, եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:
Նույն օրը տեղի կունենա Հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողով, որի շրջանակում Հայաստանը, Վրաստանը, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Լիտվան այլ երկրների համանուն ծառայություններին կներկայացնեն իրենց լավագույն փորձը հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման ոլորտում:
Մասնավորապես, օրվա երկրորդ կեսին նախատեսվող քննարկումների ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գործընկեր կառույցների անդամներին կներկայացնի հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման և անցկացման Հայաստանի փորձը:
Դատական կատարողների միջազգային միությունն իր անդամ երկրներում էլեկտրոնային աճուրդների ներդրումը խթանելու նպատակով շահագրգռված է ուսումնասիրել այն երկրների առաջադեմ փորձը, որտեղ արդեն իսկ կիրառվում է էլեկտրոնային աճուրդի համակարգը:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նաև նոյեմբերի 28 29 ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության ամենամյա լիագումար նիստին, որին ներկա կգտնվի միության անդամ 74 երկրի պատվիրակություն:











































