ՀՀ պետականության ամենամեծ վտանգն այսօրվա հայաստանյան քաղաքական համակարգն է:Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ խոսելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ:
Բանախոսն ընդգծեց, որ սեպտեմբերի 3-ից ՀՀ-ն թեևակոխել է մի փուլ, որն ամենաօրհասականն է մեր երկրի պետականության, անկախ պետականության պատմության ընթացքում: Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ հայտարարելով, որ ՀՀ-ն մտնում է Մաքսային միություն՝ Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ, ըստ էության, մանդատ տվեց ՌԴ-ին՝ կառավարելու Հայաստանը: Նա հիշեցրեց, որ բազմիցս է խոսել այն մասին, որ ՄՄ անդամակցությունը հակասահմանադրական է, և դրանով ՀՀ-ն կորցնում է իր ինքնիշխանությունը, իսկ առանց դրա չկա պետականություն: Իսկ ինչ տեղի է ունենում այսօր, ըստ նրա, հանգեցնելու է նրան, որ ՀՀ-ն ամբողջովին կազմելու է ռուսական կայսրության մաս՝ Հայաստանը այսօր փաստացի անկախ պետություն չէ: Բանախոսը պարզաբանեց, թե ինչ պետք է հետևեր սեպտեմբերի 3-ի որոշմանը:
«Եթե մենք ԱԺ-ում ունենայինք ուժեր, որոնց համար արժեք են ՀՀ պետությունն ու ինքնիշխանությունը, պետք է անմիջապես բարձրացվեր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որովհետև նրա գործողությունները հակասում են ՀՀ սահմանադրությանը: Առնվազն պետք է պահանջ դրվեր, որ ձևավորվեր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է պատրաստեր Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:
Այսօրվա մեր ԱԺ-ն, բացառությամբ մի քանի պատգամավորի, ամբողջապես վերահսկվում է Ռուսաստանի կողմից, մի մասը, այսինքն՝ մեծամասնությունը, Սերժ Սարգսյանի միջոցով, երկրորդ մասը՝ ի դեմս ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի միջոցով:
Մինչև սեպտեմբերի 3-ը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, իրենց ամբողջ գործունեությամբ ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը արդեն հանձնել էին Մոսկվային և փոխանակ պահանջելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը՝ նրանք ընդամենը պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ տարբերությունը շատ մեծ է:
Որն է այդ տարբերությունը: Բոլոր այն մեղքերը, որոնցում նրանք Սերժ Սարգսյանին են մեղադրում, կարելի է վերագրել նրանց: Այսինքն՝ մենք ունենք քրեաօլիգարխիկ իշխանություն, և նույն քրեաօլիգարխիկ ընդդիմություն՝ ի դեմս Քոչարյանի քաղաքական ենթակառուցվածքների:
Հրաժարական պահանջողներն իրենց բոլոր որակներով գտնվում են նույն հարթության վրա, ինչ իշխանությունը. լեգիտիմության նույն աստիճանով, նույն բարոյական համակարգում՝ իշխանությունը և Քոչարյանի ենթակառուցվածքները, նույն արժեքային համակարգում, նույն կրկնակի ստանդարտներով օրենքի և օրինականության հանդեպ:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ են պահանջում հրաժարական, այլ ոչ թե պաշտոնանկություն: Առաջին՝ եթե իշխանությունը սեպտեմբերի 3-ին ճնշման տակ դարձավ պրոռուսական և հիմա իրականացնում է ՌԴ բոլոր հրահանգները, ապա այդ, այսպես կոչված, ընդդիմությունը ի սկզբանե այդպիսին էր, ավելին ասեմ՝ դրանք հայաստանածին ուժեր չեն: Այդ ողջ քաղաքական համակարգը սպասարկում է ՌԴ շահերը: Այս իսկ պատճառով ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը երբեք պաշտոնանկության հարց չեն բարձրացնի, քանի որ այս քաղաքական համակարգը կարող է գոյատևել միմիայն Ռուսաստանի՝ օտարի, հովանու տակ:
Երկրորդ խնդիրը, որ նրանք հետապնդում են հրաժարական պահանջելով և թիվ մեկ հարցը համարելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, այն է, որ հասարակությունը, մամուլը ուշադրությունը չկենտրոնացնի հակասահմանադրության և պետականության կորստի վրա, ՌԴ կողմից ՀՀ դեմ իրականացվող բոլոր քայլերի վրա:
Ադրբեջանին հարձակողական հսկայաքանակ զենք վաճառելով և շարունակելով այդ գործարքը՝ այդ ուժերից որևէ մեկը չի անդրադարձել դրան, որպեսզի կարողանան քողարկել այն բոլոր հայտարարությունները, որոնք վիրավորում են թե՛ մեր պետությունը, թե՛ մեր ազգային արժանապատվությունը, որոնք արվում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Ի դեմս ԱԺ-ի՝ մենք ունենք քաղաքական համակարգ, որն այդ գործարքը բացատրում է անվտանգությամբ: Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը. ռուսական, քաղաքական համակարգի անվտանգության: Եթե մի քանի պատգամավորի չհաշվենք՝ այսօրվա ԱԺ-ն մի գործառույթ ունի իրականացնելու, այն, որ մենք փաստացի անկախ պետություն չենք, ձևակերպել իրավաբանորեն»,- նման տեսակետ հայտնեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ մեր պետականության ամենամեծ վտանգը այսօրվա հայաստանյան քաղաքական համակարգն է:









































