Հայաստանը միացել է 13 այլ՝ հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրների և պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում: Հաագայում Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում Մոսկվան շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ՝ պահանջելով նոր հետաքննություն սկսել և ներառել նաև ռուս մասնագետների: Առաջարկը, սակայն, տապալվել է՝ կողմ են քվեարկել կազմակերպության գործադիր մարմնի 41 անդամներից միայն 6-ը, 15-ը՝ դեմ, 17-ը՝ ձեռնպահ, 3-ը բացակայել են և չեն մասնակցել քվեարկությանը: Հայաստանից բացի՝ փաստաթղթի տակ ստորագրել են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան և Կուբան:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պարզաբանել է՝ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի շահերն է պաշտպանել, այլ կողմ է, որպեսզի «ճշմարտությունը բացահայտվի»: Ընդգծենք, որ սա առաջին դեպքը և քվեարկությունը չէ, երբ Հայաստանը միանում է փոքրաթիվ պետությունների ու քվեարկում Ռուսաստանի շահերին համահունչ:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի նմանատիպ դիրքորոշումը ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստան-Արևմուտք հետագա հարաբերությունների վրա. «Ընդհանրապես Սկրիպալների գործի այս ողջ պատմության մեջ Միացյալ Նահանգները թե՛ իրավական, թե՛ գործընթացի առումով կողմ չէ: Միացյալ Նահանգները ընդամենը փորձել է Եվրոպայում իր թիվ մեկ ռազմավարական դաշնակցին աջակցել: Հաշվի առնելով այն հակառուսական ալիքը, որ այսօր կա Վաշինգտոնում, սա տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ: Ըստ էության Միացյալ Նահանգները կողմ չէ, և տրամաբանական չէ դիտարկել, որ Հայաստանը կարող է Միացյալ Նահանգների հետ խնդիր ունենալ այս հարցի շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ պետք է սպասել նախաքննության ավարտին. «Հիմա ընթանում է նախաքննություն, ոչ ոք չգիտի՝ ինչ հունով: Միայն հույս կարելի է հայտնել, որ նախաքննությունը արդար կլինի, եթե ներգրավված լինեն բոլոր կողմերը: Ես իհարկե կասկածի տակ չեմ դնում բրիտանացիների հիմքերը, ոչ էլ Ռուսաստանի մասնակցությունը: Բայց պետք է հաշվի առնենք, որ մինչև նախաքննությունը չավարտվի՝ վերջնական գնահատական տալ չի կարելի»:
Այն, որ Ռուսաստանին պաշտպանել են և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը, ըստ միջազգայնագետի՝ բնավ չի նշանակում, որ կան ընդհանուր շահեր. «Պարզապես երկու պետությունների դիրքորոշումը նման է եղել այս հարցում: Շատ դեպքեր են եղել, որ ՄԱԿ-ում կամ միջազգային այլ կառույցներում Հայաստանն ու Ադրբեջանը նույնատիպ քվեարկությամբ են հանդես եկել, և այս հարցում զարմանալու կամ անհանգստանալու առիթ չկա»:
Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանը մշտապես քվեարկում է հօգուտ Ռուսաստանի ու այդպիսով մեկուսացման մեջ հայտնվում քաղաքակիրթ աշխարհից, Սուրեն Սարգսյանն արձագանքեց. «Հարցադրման հետ համաձայն չեմ՝ շատ դեպքերում քվեարկում ենք ոչ թե այնպես, ինչպես ռուսները, այլ հակառակը: Եթե նկատի ունեք Ուկրաինայի ու Վրաստանի հետ կապված տարբեր բանաձևերը, ապա դա արվում է առաջին հերթին այն պատճառով, որ իրենք էլ սովորաբար մեզ են դեմ քվեարկում: Այստեղ բացատրություն կա, և ես բազմիցս ասել եմ, որ մենք միշտ չէ, որ քվեարկում ենք այնպես, ինչպես ռուսները»,- եզրափակեց նա:
![]()
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի նման դիրքորոշումը միանգամայն ընկալելի է. «Ե՛վ Միացյալ Նահանգներում, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետություններում շատ լավ հասկանում են, որ այն մեղադրանքը, որը ներկայացվում է Սկրիպալների թունավորման հետ կապված, փաստարկված չէ, ու խախտվել է անմեղության կանխավարկածը: Ես մամուլից ծանոթացել եմ ներկայացված փաստաթղթերին, ու դրանցում որևէ կերպ հիմնավորված չէ, որ այդ գործողությունը կատարվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Ուստի կարծում եմ՝ Հայաստանն առաջնորդվել է անմեղության կանխավարկածով և որևէ շահ չի հետապնդում: Հայաստանի ցանկությունն այն է, որ տեղի ունենա արդար հետաքննություն»,- ասաց նա:
Իսագուլյանը հավելում է. «Հաշվի առնենք նաև այն փաստը, որ և՛ Սկրիպալի դուստրը, և՛ ինքը Ռուսաստանի քաղաքացի են, և այն բոլոր մեղադրանքները, որ ուղղվում են Ռուսաստանին, պետք է շատ հիմնավոր լինեն: Ես կարծում եմ, որ Հայաստանը որպես հիմնական փաստարկ ընդունել է անմեղության կանխավարկածը: Եթե Ռուսաստանը որևէ այլ պետությանը նման մեղադրանք ներկայացներ, Հայաստանը նույն կերպ կվարվեր: Հայաստանը փաստորեն սպասում է, որ որևէ հարցում դիրքորոշում հայտնելուց առաջ հստակ փաստեր ներկայացնեն: Գիտենք, որ Անգլիայում լաբորատորիայի տնօրենն ասաց, որ չեն կարող պնդել, թե դա Ռուսաստանի արտադրության է, իսկ արտգործնախարար Ջոնսոնը հայտարարում է, որ լաբորատորիայից ճշտել են, որ դա ռուսական արտադրության է: Այսինքն՝ ստացվում է, որ Մեծ Բրիտանիան էլ դեռևս չգիտի, թե իր մեղադրանքները ինչով են հիմնավորված»:
Մեր զրուցակիցը նշում է, որ Ադրբեջանի միանալան այս նախաձեռնությանը չպետք է համեմատել Հայաստանի հետ. «Եթե նկատում եք, Թուրքիայի դիրքորոշումն էլ է նույնատիպ: Այսօր Թուրքիա-Իրան-Ռուսաստան համագործակցությունը Սիրիայի հարցում այնքան է խորացել, որ Թուրքիայի թելադրանքն է պարզապես եղել, թե ինչպես վարվի Ադրբեջանը: Եթե լիներ մեկ տարի առաջ, երբ ռուսական ռազմական ուղղաթիռը խոցվեց Թուրքիայի կողմից, Ադրբեջանը այլ դիրքորոշում կունենար: Չմոռանանք, որ այսօր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շատ ավելի լավ են, քան Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունները»,- եզրափակեց նա:











































