Ապրիլի 4-ին Բաղրամյան 26-ում խորհրդակցություն է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որտեղ մասնավորապես անդրադարձել են «Հայաստանի զարգացման ռազմավարություն-2030» փաստաթղթի լրամշակված տարբերակին, որի ժամանակ ՀՀ նախագահը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել։ Այդ կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ։
Հարցին՝ ինչքանով եք արժանահավատ համարում 2040 թվականին 4 միլիոն բնակչություն ունենալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը, և ինչպես կգնահատեք «Հայաստանի զարգացման ռազմավարություն-2030» ծրագիրը, պատգամավորն ասաց․ «Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը ես վերաբերում եմ այնպես, ինչպես նրա ցանկացած այլ հայտարարությանը, այսինքն՝ խաբեություն, խոստումներ՝ նախօրոք իմանալով, որ չի իրականացնելու։ Բացի նրանից, որ ես բացառում եմ, որ նրանք ցանկանում են ինչ-որ բան անել, ցանկության դեպքում նույնիսկ նրանք չեն էլ կարող։ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գլխավորությամբ Հայաստանը չի կարող դառնալ 4 միլիոնանոց պետություն։ Հակառակը՝ Հայաստանի տնտեսությունը ժամ առ ժամ քանդվում է և բնակչությունը նվազում է»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































