Լոնդոնի Լամբետ շրջանի իշխանություններն ու իրավապահները կարող էին Լոնդոնի կենտրոնում «ստրուկներով տան» գոյությունը ջրի երես հանել դեռևս 15 տարի առաջ: Այն ժամանակ բրիտանական մայրաքաղաքի աչալուրջ բնակիչներից մեկը հայտնել էր նրանց կասկածելի ընտանիքի մասին, որը երեխաներին դպրոց չի ուղարկում: Սակայն ահազանգն արհամարհվել էր, և հանցագործությունը բացահայտվել է միայն 2013-ի նոյեմբերին:
Ստրուկներից մեկը մի աղջիկ է եղել, ով այժմ 30 տարեկան է: 15 տարի առաջ նա դեռահաս էր: Տանտերերը նրան թույլ չեն տվել դպրոց գնալ, և դա գրավել է հարևանների ուշադրությունը: Այս մասին հայտնում է The Independent-ը: Այժմ տեղի իշխանությունները սկսել են գործը փնտրել շրջանի արխիվներում:
Հաղորդվում է, որ նոյեմբերի սկզբին Լոնդոնի ոստիկանությունը տնային ստրկությունից ազատ է արձակել ծագումով Մալայզիայից 69-ամյա մի կնոջ, 57-ամյա մի իռլանդուհու և 30-ամյա անգլուհու: Նրանց հաջողվել է ազատել այն բանից հետո, երբ նրանցից մեկը զանգահարել էր Freedom Charity հիմնադրամի ներկայացուցիչներին:
Զոհերի խոսքով՝ մոտ 30 տարի նրանք գտնվել են փաստացի ստրուկի կարգավիճակում: Հաղորդվում է, որ մինչ այնտեղից նրանց ազատելը, Freedom Charity-ի ներկայացուցիչները նրանց հետ տևական ժամանակ գաղտնի բանակցություններ են վարել:
Ներկայում բոլոր ազատ արձակվածները գտնվում են անվտանգ վայրում: Ենթադրյալ երկու ստրկատերերը ձերբակալվել են: Նրանք 67-ամյա տղամարդ ու կին են՝ հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Քեվին Հայլենդը: Հաղորդվում է, որ կասկածյալները հանդիսանում են օտարերկրյա պետության քաղաքացիներ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն իրավիճակն անվանել է ցնցող և հայտարարել, որ գործն անձնական վերահսկողության տակ կվերցնի:
Պարզվել է, որ ստրկատերերը հաճախ են փոխել իրենց բնակության վայրը: Այդ ժամանակ նրանց ստրուկները փորձել են կապվել արտաքին աշխարհի հետ:









































