Ի պատասխան երկիրը Մաքսային միություն ներքաշելու դեմ ուկրաինացիների զանգվածային բողոքների՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը սկսել է պատրաստվել երկրի անդամակցությանը ՄՄ-ին: Ինչպես հաղորդում է gazeta.au-ն, այս մասին վկայում են փաստաթղթերը, որոնք հայտնվել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Կապլինի տրամադրության տակ:
Կապլինը նախաձեռնում է ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով, որը կհետաքննի վարչապետի հակաիրավական գործունեությունը, ով ՄՄ-ին անդամակցելու փաստաթղթեր է պատրաստում առանց խորհրդարանի որոշման և հանրաքվեի: Նա նաև ուկրաինացիներին կոչ է արել աջակցել Վիկտոր Յանուկովիչի կողոպտիչ ռեժիմի ագրեսիվ մաքսային քաղաքականության դեմ ցույցերին:
Ռեգիոնների կուսակցության պատգամավոր, Ուկրաինայի նախագահի խորհրդական Աննա Գերմանն իր հերթին պնդել է, որ Ուկրաինան եվրոպական ընտրությանն այլընտարնք չունի:
«Մենք ինքներս ենք ընտրել նման ուղի, և Ուկրաինայի նախագահն իր բոլոր հայտարարություններում հաստատել է դա»,- ասել է Գերմանը:
Պետության ղեկավարի խորհրդականը ընդգծել է, որ միշտ հավատացել է և այսօր ևս վստահ է, որ Ուկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
«Նաև վստահ եմ, որ Եվրոպան և աշխարհը հասկանում են՝ որքան բարդ է Ուկրաինայի համար գնալ Եվրոպա Ռուսաստանի ճնշման տակ: Կարծում եմ՝ եվրոպական պետությունների և Ուկրաինայի առաջնորդները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, և Ուկրաինային հատկացող տնտեսական օգնությունը կմեծացվի»,- նշել է նա:










































