Բահրեյնն ու Կատարը հավանություն են տվել Իրանի ու «վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև իրանական միջուկային զենքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և գնահատել դրանք որպես դրական քայլ տարածաշրջանում անվտանգության ու կայունության նվաճման գործում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կատարը պայմանավորվածությունները կարևոր քայլ է համարում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության պաշտպանությանը»,- հայտնել է Կատարի ԱԳՆ աղբյուրը երկրի պաշտոնական լրատվական գործակալությանը: Նախարարությունում նաև ընդգծել են, որ դա բխում է տարածաշրջանը միջուկային զենքից զերծ պահելու, ինչպես նաև խաղաղ ճանապարհով իրանական միջուկային խնդիրը լուծելու ձգտումից:
Բահրեյնի պաշտոնական հայտարարության մեջ, որը տեղակայված է ազգային լրատվական գործակալության կայքում, ընդգծվում է, որ ցանկացած խնդրի դիվանագիտական լուծում երաշխավորում է տարածաշրջանում կայունություն, խաղաղություն ու անվտանգություն և ողջունվում Բահրեյնի կողմից: Երկրի արտգործնախարար շեյխ Խալեդ բեն Ահմեդ Ալ-Խալիֆան իր հերթին ընդգծել է, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ճիշտ ժամանակին և «պետք է մարեն լարվածության պատրույգը»:
«Հուսով ենք, որ այդ քայլը կվերացնի տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքի տարածման սպառնալիքը»,-ընդգծել է Բահրեյնի արտգործնախարարը:
ԱՄԷ-ն նույնպես աջակցել է պայմանավորվածությունները: Սաուդյան Արաբիան դեռևս չի արձագանքել: Համաձայն սաուդցի քաղաքական գործիչների ոչ պաշտոնական մեկնաբանությունների՝ թագավորությունը վախենում է տարածաշրջանում Իրանի դերի ուժեղացումից:










































