ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը պարտադիր կերպով առաջացնում է տուգանքի նշանակում: Սակայն իրականում լինում են այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներ, երբ համարանիշը սահմանված տեղում փակցնելը տվյալ պահին անհնար է, անհաղթահարելի հանգամանքներից ելնելով: Հետևապես անհրաժեշտություն է ծագում այդպիսի դեպքերի պարագայում նախատեսել տուգանքից ազատման հնարավորություն:










































