Ամերիկացի 3 սենատոր հետաքննություն են նախաձեռնել, որպեսզի պարզեն «Լոմուսթին» հակաուռուցքային դեղորայքի արժեքի՝ 1400 տոկոսով թանկացման պատճառը, գրում է The Hill պարբերականը։
Նշված դեղորայքը կիրառվում է 1976-ից՝ գլխուղեղի ուռուցքի և Հոջքինի լիմֆոմայի բուժման համար։ «Լոմուսթինը» փոխարինող չունի, և ամենաբարձր չափաբաժնի մեկ դեղապատիճն արժեր 50 դոլար։ Այժմ այն արժե 768 դոլար։
Նշվում է, որ սենատորները Tri-Source Pharma ընկերության ղեկավար Ռոբերթ Դիքրիչիին նամակ են հղել՝ պահանջելով բացատրել, թե ինչով է պայմանավորված նման գնաճը։
Բացի այդ, ընկերությունը պետք է ներկայացնի իր արտադրած դեղորայքի ցանկը, որոնց արժեքը մեկ տարում թանկացել է առնվազն 200 տոկոսով։










































