Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երբեք ոչինչ չի պատմում Վլադիմիր Պուտինի ընտանիքի մասին և չի պատմի՝ հայտարարել է նա The New Times-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Մեզ մոտ առավել փակ համակարգ է, սակայն ընդհանուր առմամբ բոլորը գիտեն՝ ինչպիսին է նրա ընտանիքը, բոլորը գիտեն՝ նա ամուսնալուծվել է Լյուդմիլա Ալեքսանդրովնայից: Գիտե՞ք, թե երբ է նրա մակարդակի քաղաքական գործչի համար կարևոր նրա ընտանիքի մասին պատմելը. երբ քաղաքական գործիչը գնում է ընտրությունների, և մարդիկ չգիտեն, թե նա ով է: Եվ նա պետք է կիրառի տվյալների ողջ զինանոցը, որպեսզի ընտրողներին համոզի. նայե՛ք, ես այսպիսին եմ, այսպիսին է իմ ընտանիքը, քվեարկե՛ք իմ օգտին»,- նշել է պետության ղեկավարի մամլո քարտուղարը:
«Պուտինը քաջ ծանոթ է իր ընտրողին, և նրանց, ովքեր պատրաստվում են քվեարկել նրա օգտին, արդեն պետք չէ նրա մասին ինչ-որ բան պատմել: Եվ նա անձամբ համոզված է, որ յուրաքանչյուր մարդ, ինչով էլ նա զբաղվի, պետք է ունենա իր անձնական տարածքը, որտեղ ոչ ոք չպետք է ներթափանցի: Նրա համար նման տարածքն ընտանիքն է»,- ասել է Պեսկովը:
Պատասխանելով հարցին՝ վերջերս Հարավային Կորեա կատարած Պուտինի այցը նո՞ւյնպես անձնական բնույթ է կրել (ԶԼՄ-ներում նշվել է, որ նա իբր գնացել էր կրտսեր դստեր ամուսնության տարեդարձին), Պեսկովն այդ հաղորդագրությունները սխալ է անվանել: Պեսկովը նշել է, որ նախագահը Սեուլ է թռչել գիշերվա ժամը 3-ին, այնուհետև առավոտյան 11-ին սկսվել է աշխատանքային ծրագիրը, որն ավարտվել է ուշ երեկոյան, ինչից անմիջապես հետո Պուտինը վերադարձել է:










































