2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ելույթ ունենալով նոր կազմավորված Ազգային ժողովում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչև 2040 թվականը ապրանքների ու ծառայությունների արտահանումը պետք է կազմի համախառն ներքին արդյունքի 40-50 տոկոսը: Օրեր անց ներկայացնելով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հիմք ընդունելով Ս. Սարգսյանի այդ ելույթը՝ իր հերթին հայտարարեց, որ 2017-2022թթ. արտահանումը պետք է կազմի ՀՆԱ-ի 40-45 տոկոսը: Երկուսն էլ նաև հայտարարել էին, որ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսությունը պետք է ունենա միջինը 5 տոկոս աճ:
Նույն 2017թ. արդեն Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրեց 7․5 տոկոս տնտեսական աճ, և արտահանման ավելի քան 40 տոկոս աճ: 2017թ. ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 5 տրլն 580 մլրդ դրամ կամ մոտ 11․5 մլրդ դոլար, իսկ արտահանումը՝ 2 242 868800 մլրդ դոլար: Կոպիտ հաշվարկներով՝ անցած տարի արտահանումը կազմել է ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը: Եվ քանի որ կառավարությունն իր առջև տարեկան առնվազն 5 տոկոս տնտեսական աճի խնդիր է դրել, ուրեմն հնգամյակի ավարտին՝ 2022թ. մեր երկրի ՀՆԱ-ն ավելանալու է: «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանի հաշվարկներով՝ նման պարագայում ունենալու ենք 15-16 մլրդ դոլարի ՀՆԱ, որի 40-45 տոկոսը կազմելու 6-7 մլրդ դոլար: Այսինքն՝ 4-5 տարի հետո ՀՀ արտահանումը պետք է առնվազն 3 անգամ ավելանա: Լավագույն ցանկության դեպքում արդյո՞ք հնարավոր է նման աճ ապահովել:
Բայց արտահանումը միայն ապրանքներ դուրս տանելը չէ: Արտահանման համար մի քանի կարևոր ուղղություններ է պետք զարգացնել: Արտահանումը եռակի անգամ ավելացնելու համար նախ անհրաժեշտ է այդքան արտադրանք ունենալ, իսկ այդքան արտադրանք ունենալու համար համապատասխան քանակի հումք է անհրաժեշտ: Արդյոք հնարավոր է միանգամից կրկնապատկել ու եռապատկել ներքին արտադրանքը: Նախ ասենք, որ մեր երկրից հիմնականում արտահանվում է հանքահումքային արտադրանք, վերամշակված սնունդ և ալկոհոլային խմիչք՝ կոնյակ, գինի և մրգային օղիներ: Որքան էլ հանքաարդունաբերությունը աճի, այն մեր երկրում անսպառ չէ և տարիներ շարունակ չի կարող կրկնակի-եռակի անգամ ավելանալու ծավալ ապահովի: Ամենավառ երևակայության արդյունքում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ 4-5 տարի հետո մենք կունենանք կրկնակի-եռակի չափ ավելի խաղողի կամ այլ մրգի բերք: Եթե անգամ հենց այս տարի կրկնապատկվեն ու եռապատկվեն պտղատու այգիները, դրանք միանգամից բերք չեն տալու, տարիներ են անհրաժեշտ:
Գ. Մակարյանը չի բացառում, որ արտադրողները ոգևորվեն երկրի ղեկավարների այդ հայտարարությունից ու չսպասեն տեղական հումքի արտադրության ու այն ներկրեն: Բայց արդեն տեղում արտադրություն կազմակերպելու համար էլ համապատասխան հզորությունների ու տեխնոլոգիաների ներդրում է անհրաժեշտ: «Այս հարցում կառավարությունը պետք է օգնի, օրինակ, էժան լիզինգին, օգնի, սուբսիդավորի նման ծրագրերը, որ սարքավորումներ բերվեն, մոդեռնիզացվեն: Իսկ ամենակարևորը պետք է տեղական ներդրողներին աջակցի: Դեպքեր ունենք, որ տեղական ներդրողները խնդիրներով դիմել են կառավարությանը, բայց 8-9 ամիս է, կարգավորված չեն: Կառավարությունը խոսում է ներդրումները խթանելու մասին ու հատկապես օտարերկրյա ներդրումները, իսկ տեղական ներդրողներին այնքան էլ արժանավայել ուշադրության չի արժանացնում: Բայց տեղական ներդրողների շնորհիվ է, որ այսօր տնտեսությունը կայացել ու զարգացել է: Եթե տեղական ներդրողը հուշտ եղավ, չեմ կարծում, որ օտարերկրյա ներդրողներն այդպես սահուն գան»,- ասում է Գ. Մակարյանը:
Երկրորդը խնդիրը՝ եթե անգամ արտահանելու համար համապատասխան քանակի արտադրանք կա, ապա մենք այն արտաքին շուկաներ հասնելու համար ճանապարհների խնդիր ունենք: Վերին Լարսը տարվա կեսը եղանակային խնդիրների պատճառով փակ է, մյուս կեսի ժամանակ էլ մերթընդմերթ փակվում է քարաթափումների, խցանումների, վերանորոգումների ու այլ պատճառներով: Այսինքն՝ արտահանումն ավելացնելուց առաջ համապատասխան չափի հումքի ու արտադրանքին զուգահեռ անհրաժեշտ կլինի արտահանելու համար համապատասխան ճանապարհներ էլ ձեռք բերել: Գ. Մակարյանն այս դեպքում այլընտրանքային ելք է համարում ավիացիոն բեռնափոխադրումը, որը նույնպես պետք է կառավարության նախաձեռնությամբ նախաձեռնվի: «Իսկ ճանապարհային խնդիրներ ունենալու պատճառով անհրաժեշտ է այնպիսի ապրանքներ արտադրել, որոնք հավելյալ արժեք ունեն, բայց ծավալով քիչ են և հեշտ են տեղափոխվում՝ ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաներ, օրգանական սնունդ և այլն: Եթե անգամ երկաթգիծ էլ ունենանք, միևնույն է, ոչ բոլոր ապրանքներն է հնարավոր գնացքով տեղափոխել: Կոնյակը, գինին, օղին չխկչխկացնելով չեն տեղափոխում: Մեր արտադրությունն ավելի շատ ինտելեկտուալ ուղղվածություն ունի, իսկ գնացքով ավելի շուտ կոպիտ ապրանքներ՝ հանքաքար, ավազ, մետաղ են տեղափոխում»,- ասում է Մակարյանը:
Ճանապարհներ գտնելու դեպքում էլ բեռնափոխադրումների համար համապատասխան տրանսպորտային միջոցներ՝ հատկապես ավտոմոբիլային տնտեսություն ու սառնարանային ավտոմեքենաներ ձեռք բերել: Չէ որ պտուղ-բանջարեղենի արտահանման համար նման մեքենաներ են անհրաժեշտ: Արդյո՞ք զուգահեռաբար ստեղծվում է նաև նման տնտեսություն ձեռք բերելու նախադրյալները: Եվ, ի վերջո, հումք, արտադրանք, ճանապարհներ ու տրանսպորտային միջոցներ ունենալը բավարա՞ր է 4 տարում արտահանումը եռապատկելու համար: Չէ որ նույն գնորդը դժվար թե եռակի անգամ ավելի ապրանք ցանկանա ընդունել: Այսինքն՝ անհրաժեշտ է նաև նոր շուկաներ ձեռք բերել, դրա համար համապատասխան մասնագետներ ունենալ: Արդյոք արտահանումը եռապատկելու համար այս անհրաժեշտ բաղադրիչները ստեղծելու քայլեր արվում են: «Կառավարությունը պետք է ինտենսիվորեն աշխատի, հակառակ պարագայում կարող է արտահանման «սրիվ» գնա: Ձախողման պոտենցյալ ռիսկեր կան, եթե այս խնդիրները չլուծվեն»,- եզրափակում է Գ. Մակարյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































