Thursday, 02 07 2026
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը զատկական մաղթանք է հղել

Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց կաթողիկոս պատգամը ներկայացվում է ստորև.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Ե՛ս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յԻս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ՛»

(Հովհ.11. 25-26):

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում՝ ձայնակից ենք հրեշտակներին՝ փոխանցելով միմյանց «Քրիստոս յարեաւ» կենարար ավետիսը: Թափուր է Տիրոջ գերեզմանը, հայտնված է Նրա աստվածային զորությունը, և իրական է մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը: Այսօր հարություն առած Քրիստոս Իր բոլոր հետևորդներին բերում է հավիտենական կյանքի բերկրալի խոստումը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Քրիստոսի Հարության ողջույնը փոխանցելով, մենք, սիրելիներ, հաստատում ենք մեր հավատքը, որը հիմնված է Հարության տիեզերանորոգ հրաշքի վրա: Հավատում ենք, որ Քրիստոսի Հարությամբ անմահության ու հավիտենական կյանքի արշալույսը ցրել է կորստաբեր մեղքի խավարը: Հավատում ենք, որ մահվան առաջ անզոր մարդկային կյանքը վերափոխվում է երկնային զորությամբ, ժամանակավորը վերածվում է հավիտենական գոյության: Հավատում ենք, որ Փրկչին ու Նրա անմահության շնորհին հաղորդակցումը նորոգում է կյանքը, խաչերը դարձնում ծաղկյալ, գողգոթաները՝ հաղթության բարձունքներ: Հավատում ենք, այո, որ մարդկային մեր տկար ուժերին ընդառաջ եկող Աստծո Սուրբ Հոգին լուսավորում է մեր հոգևոր տեսողությունը և զորացնում մեզ՝ ընթանալու մեղքից դեպի առաքինություն, ընթանալու դեպի մեր Տերը, որպեսզի Նրա հետ կյանք ունենանք և ժառանգակից լինենք երկնային արքայությանը:

Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել և Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել: Այսպես միայն կարելի է արժանանալ Փրկչի խոստմանը՝ հավատքի զորությամբ մահվան իշխանությունը թոթափելու և հավիտյան ապրելու:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հարության հրաշազարդ իրողությունը մարդու և աշխարհի փրկության միջոցն է, աստվածային անսահման սիրո ու հոգածության վկայությունը, նեղությունների ու դժվարությունների հաղթահարման զորությունը: Թովմասի նման երկմտող աշխարհին հարուցյալ Քրիստոս ցույց է տալիս Իր վերքերը, որպեսզի բուժվեն պատերազմների ու աղետների պատճառած վերքերն աշխարհի: Ցույց է տալիս Իր չարչարանքների հետքերը, որպեսզի դադարեն մարդկային հոգու տառապանքները, լռեն ատելության ձայները, մերժվեն կործանարար ուղիները, որպեսզի գալիքի հանդեպ վստահություն փնտրող մարդկությունը ընդունի Փրկչի Հարության զորությունը՝ առաքյալի պես բացականչելով՝ Տեր իմ և Աստված իմ (Հովհ. 20. 28):

Աստվածատուր այդ զորությամբ ու շնորհով է հարատևել մեր ժողովուրդը՝

պատմության մեջ դիմակայելով դառը հարվածների ու կերտելով իր ձեռքբերումները: Քրիստոսով, հարության ու փրկության հավատքով մենք վեր հառնեցինք մեր խաչելություններից, վերահաստատեցինք մեր պետականությունը, ձեռնամուխ եղանք նեղությունները թոթափելուն, մեր իրավունքների պաշտպանությանը և առավել բարօր գալիքի կերտմանը: Մեր ժողովրդի առաջընթացը, մեր պետության հզորացումը և ի սփյուռս աշխարհի մեր կյանքի պայծառությունը պայմանավորված են յուրաքանչյուրիս մեջ Քրիստոսի ներկայությամբ, Նրա Հարության զորության ներգործությամբ և մեր արժանավորությամբ Փրկչի խոստմանը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Սիրելի հավատավոր զավակներ Մեր, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, հասարակական ու ազգային մեր կյանքում հաստատուն պահենք միմյանց հանդեպ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը: Շարունակենք ապրել հավատքով, որպեսզի այսօր հնչող «Քրիստոս յարեաւ» ավետիսը զորացնի մեզ ապագայի հանդեպ լավատեսությամբ ու վստահությամբ, կամքով ու կորովով` հակառակ ամեն արգելքի ու նեղության, ջանք թափելու, ստեղծելու, հոգալու, որ իրագործենք առաջընթացի մեր նպատակները, հայրենաշեն մեր ծրագրերն ու ազգային իղձերը: Թող մեր սրտերը քաջալերվեն այսօր մեզ հայտնվող հարուցյալ Տիրոջով` սիրով և միասնությամբ ընթանալու ազատ նոր կյանքի մեր ուղին՝ միշտ հավատարիմ մնալով մեր Տիրոջ պատվիրաններին և հաստատուն պահելով մեր ընթացքը դեպի հավիտենություն:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության բերկալի ավետիսով ողջույն ենք բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան Պատրիարքի համար: Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հավատավոր հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին`Առաջին տիկնոջ հետ, ընտրյալ Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին, ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին:

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:

Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Իր Հարության կենարար պարգևները, խաղաղությունը հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում ենք, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած՝ Մեր զավակների ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի ազգային մեր կյանքին, և աստվածաշնորհ պարգևները հովանի լինեն մեր ժողովրդին՝ այսօր և միշտ ցնծությամբ ավետելու.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում