Սուրբ Զատկի տոնի առթիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ըստ ավանդույթի, տոնական պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում: Զատկական պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը մի քանի մարդու է կնքել, որոնց թվում նաև նիգերիացի փախստական Ջոն Օհային:
Ջոնը անօրինական ճանապարհով հայտնվել է Իտալիայում 2014թ.: Նա չի կարողացել Իտալիայում աշխատանք գտնել և ստիպված է եղել ողորմություն խնդրել Հռոմի սուպերմարկետներից մեկի մոտ: 2017թ. սեպտեմբերի 26-ին նա ականատես է եղել զինված կողոպուտի: Դիմակով հանցագործը մեծ դանակով հարձակվել է գանձապահի վրա և գողացել 400 եվրո, այնուհետև նա դուրս է վազել, որպեսզի փախչի փողոցում թողած իր մոտոցիկլետով:
Հենց այդ պահին նրա վրա հարձակվել է Ջոնը: Մերկ ձեռքերով նա ձեռնամարտի է բռնվել կողոպտչի հետ և զինաթափ արել նրան: Ջոնը ավազակին պառկեցրել է գետնին և սպասել մինչև ոստիկանության ժամանումը:
Դրանից հետո Ջոնն ինքն էլ փախել է՝ հասկանալով, որ փաստաթուղթ չունի, և իրեն սպառնում է երկրից արտաքսումը: Սակայն Հռոմի ոստիկանությունը որոշում է ընդունել շնորհակալություն հայտնելու համարձակ երիտասարդին: Մեկ ամսվա ընթացքում Ջոնը Իտալիայում ապրելու և աշխատելու պաշտոնական թույլտվություն է ստացել: Այժմ նա աշխատում է իտալական Կարմիր խաչում:
«Ես չեմ ուզում հերոս լինել, ես պարզապես ուզում եմ օրինական ճանապարհով ապրել և աշխատել, պատվարժան կյանք ունենալ Իտալիայում: Եթե Ֆրանցիսկոս պապը կամ երկրի նախագահը կօգնեն ինձ այդ հարցում, ես կդառնամ աշխարհի ամենաերջանիկ մարդը»,- ասել է Ջոնը հարցազրույցի ժամանակ:
Հռոմի պապը առաջարկել է նրան կնքվել, Ջոնը չափազանց ուրախ է եղել դրա համար: Նա խնդրել է ոստիկանապետին լինել իր կնքահայրը: Ջոնի նոր անունը Ֆրանչեսկո է:









































